05.05.2018
Մայիսի 4-ին Լեհաստանի գրադանավարների միության ավելի քան 40 անդամներ «Այց Եվրոպայի գրադարաններ» ծրագրի շրջանակներում այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ապա շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց ցեղասպանության մասին վկայող նյութերին:
Լեհաստանից ժամանած գրադանավարներն ունեցան հանդիպում-քննարկում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցների հետ: Նրանք եղան ՀՑԹԻ ընթերցասրահում, տեղում ծանոթացան գրադարանային մեծ հավաքածուի հետ:
ՀՑԹԻ գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանն ու գրադարանի և արխիվի բաժնի վարիչ Տաթևիկ Ղալթաղչյանը լեհ գործընկերներին ներկայացրեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրադարանի աշխատանքի առանձնահատկությունները, թեմատիկ և եզակի հավաքածուները, տեղի ունեցավ ակտիվ քննարկում, փորձի փոխանակում:
ՀՑԹԻ գրադարանը պարբերաբար համալրվում է սկզբնաղբյուրային բացառիկ նշանակություն ունեցող նմուշներով, ցեղասպանագիտական ու հայագիտական արժեքավոր հրատարակություններով՝ դառնալով Հայոց ցեղասպանության ուսումնասիրության կարևորագույն կենտրոններից մեկը: Գրադարանային միավորների թիվը կազմում է ավեի քան 18.000, որոնց մեջ մեծ տեղ են զբաղեցնում ցեղասպանագիտության տեսությունը ներկայացնող բազմալեզու գրքեր, Հայոց ցեղասպանությունը վերապրածների ավելի քան 1000 տպագիր հուշագրություններ: Հարուստ է նաև գրադարանի հնատիպ գրքերի հավաքածուն: