10.03.2018
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն Արարատ-Էսքիջյան թանգարանի (Ararat-Eskijian Museum), Հայագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերակցության (NAASR), "Project Save" հայկական լուսանկարների արխիվի, Կալիֆորնիայի «Նորթրիջ» պետական համալսարանի հայագիտության ամբիոնի հետ համատեղ ս.թ. մարտի 16-17-ը Լոս Անջելեսի Ջորջ Դեքմեջյան համայնքային կենտրոնի Արարատ տանը կազմակերպում է գիտաժողով՝ նվիրված առաջին հայի` Մարտին Հայի (Martin the Armenian) Ամերիկա ժամանման 400-ամյակին (Վիրջինիա, 1618թ.):
«Ի նշանավորումը հայ-ամերիկյան 400-ամյա ժառանգության, 1618-2018թթ.» վերնագիրը կրող գիտաժողովը հիմնականում կանդրադառնա հայ-ամերիկյան համայնքի պատմությանը և նրա նշանակալի ձեռքբերումներին, որոնք սկսվեցին շատ համեստ սկզբից:
Գիտաժողովին իր մասնակցությունը կբերի նաև պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը, ով նաև այս գիտաժողովի և ցուցահանդեսի կազմակերպման գլխավոր աջակիցներից է:
Հայ-ամերիկյան բազմադարյան ժառանգությանը նվիրված գիտաժողովի ընթացքում կբացվի ժամանակավոր թեմատիկ ցուցահանդես:
Ցուցահանդեսին կներկայացվի հայ-ամերիկյան հարուստ ժառանգությունը՝ Հայկ Դեմոյանի անձնական հավաքածուի և Արարատ-Էսքիջյան թանգարանի պատմական արտեֆակտների միջոցով: