11.09.2018

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Արդեն երկրորդ անգամ Հայաստան այցելող Միկաել Ժանը նշեց, որ իր այցը Ցեղասպանության հուշահամալիր խորհրդանշում է ամբողջ ֆրանկոֆոն ընտանիքի հիշողությունը:
Տիկին Ժանը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ:
Հյուրերին ընդունեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Մարգարյանը:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը շրջայց կատարեց նաև Հիշողության պուրակում և ջրեց իր նախորդ այցի ժամանակ տնկած եղևնին: