14.07.2018
Հուլիսի 11-ին, կյանքի 101-րդ տարում մահացել է 1913-1916 թթ. Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի (26 ապրիլի 1856թ. – 26 նոյեմբերի 1946 թ.) թոռը՝ Հենրի Մորգենթաուն 3-րդը (11 հունվարի 1917 թ. – 11 հուլիսի 2018թ. ):
Գրող և հայտնի հեռուստատեսային պրոդյուսեր Հենրի Մորգենթաու կրտսերը մշտապես պայքարել է Հայոց ցեղասպանության միջազգային, մասնավորապես Միացյալ նահանգների կողմից, ճանաչման համար: Հայոց ցեղասպանության պատմության մանրամասները լսել է ականատեսից՝ իր պապիկից, տեսել և որպես օրինակ է ունեցել հենց նրա կյանքի պայքարը հանուն արդարության հաստատման, մարդասիրության:
Հենրի Մորգենթաու կրտսերն իր հարցազրույցներում ու ելույթներում հետևողականորեն խոսել և պատմել է իր պապիկի հիշողություններից ստացած տեղեկությունները:
Ելույթներից մեկում նշել է. « Պապս հաճախակի ասում էր, որ Ցեղասպանության ժամանակ հայերի կյանքը փրկելու փորձերը և Մերձավոր Արևելքի օգնության կոմիտեի ստեղծումը նրա ձեռքբերումներից առավելագույնն էին»:
1999 թ. Հենրի Մորգենթաու կրտսերն այցելել է նաև Հայաստան, եղել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Մասնակցել է նաև իր պապիկի՝ Հենրի Մորգենթաուի գերեզմանից բերված հողի Հուշապատի մեջ ամփոփման միջոցառմանը:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մշտապես իր գործունեության հորիզոնում է պահել Հենրի Մորգենթաուի կյանքի ու գործունեության հիշատակման միջոցառումները, կապ է պահել նրա ազգականների հետ:
2015 թ. ՀՑԹԻ-ում բացվեց նաև նրա անունը կրող աշխատասենյակ:
Դեսպան Հենրի Մորգենթաուի գերեզմանից հող են բերում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատում ամփոփելու համար
Դեսպան Հենրի Մորգենթաուի գերեզմանից հող են բերում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատում ամփոփելու համար
Դեսպան Հենրի Մորգենթաուի գերեզմանից հող են վերցնում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատում ամփոփելու համար
Մորգենթաուների ընտանեկան պատմությունը, գրքի հեղինակը Հենրի Մորգենթաու 3-րդն է