17.04.2018
Ֆընտըճագցի հերոսուհի Խաթուն Չավուշ Յափուճյանը
Գալուստեան Հ. Գ., Մարաշ կամ Գերմանիկ ևւ հերոս Զեյթուն, Նիւ Եորք, 1934
Ֆընտըճագ գյուղը գտնվում է Լեռնային Կիլիկիայում` Մարաշի գավառում: Ֆընըճագցիները հայտնի էին դեռևս Ադանայի և հարակից շրջանների 1909 թ. կոտորածների ժամանակ, երբ հերոսական դիմադրություն ցույց տվեցին թշնամու գերակշիռ ուժերին և փրկվեցին կոտորածից:
Դեռևս 1915 թ. գարնանը երիտթուրքական ցեղասպանական քաղաքականության դեմ ապստամբած զեյթունցի մարտիկների մի խումբ ապաստանել էր Ֆընտըճագում: Հարևան բնակավայրերից եկող զանգվածային կոտորածների լուրը դարձյալ ստիպեց ֆընըճագցիներին պատրաստվել ինքնապաշտպանության: Շուտով վերջիններիս միացան նաև հարևան Դերեքյոյ ու Քեշիֆլի գյուղերի հայ բնակիչները (ընդհանուր առմամբ շուրջ 4000 մարդ): Ստեղծվեց զինվորական մարմին, որի ղեկավարներ նշանակվեցին Վարդևառ Քեհյանը, Մինաս Գոլանճյանը, Հովսեփ Զեյթունցյանը, Նազարեթ Կոջոյանը և ուրիշներ:
Հուլիսի կեսին Ֆընտըճագ ուղարկված թուրք ոստիկանների ջոկատը հանդիպեց տեղի հայ բնակչության լուրջ դիմադրությանը: Մի քանի օր անց հայերի կռվող ուժի (մոտ 600 մարդ, այդ թվում` կանայք) դեմ դուրս բերվեց 8000-անոց կանոնավոր բանակ, որին միացավ նաև տեղի մուսուլման խառնամբոխը: Հուլիսի 31-ին հրետակոծելով հայերի դիրքերը թուրքական ուժերը հարավ-արևելքից փորձեցին գրոհ ձեռնարկել, սակայն զգալի կորուստներ տալով` նահանջեցին: Օգոստոսի 1-ին թուրքական ուժերը, համալրում ստանալով, ճեղքեցին հայերի դիրքերը, ներխուժեցին գյուղ, որի անձնազոհ պաշտպանները, սակայն մարտնչեցին մինչև վերջին շունչը: Հրետակոծումից բռնկված հրդեհն ամբողջովին ոչնչացրեց գյուղը: Ողջ մնացածներն աքսորվեցին Միջագետքի անապատներ: Հայերը տվեցին շուրջ 2100 զոհ, թուրքերը` նույնքան զինվոր և մի քանի հազար բաշիբոզուկ:
Ինքնապաշտպանությանը մասնակցած Մարտիկ Յափուճյանը
Գալուստեան Հ. Գ., Մարաշ կամ Գերմանիկ ևւ հերոս Զեյթուն, Նիւ Եորք, 1934 թ.
Ինքնապաշտպանությանը մասնակցած մի խումբ ֆընտըճագցիներ, 1900-ականներ
Գալուստեան Հ. Գ., Մարաշ կամ Գերմանիկ ևւ հերոս Զեյթուն, Նիւ Եորք, 1934
Սեդա Պարսամյան, ՀՑԹԻ գիտաշխատող