19.11.2018
Նոյեմբերի 18-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով Երևանում գտնվող Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Տիկին Պեկրեսը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, այնուհետև պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
ՀՑԹԻ տնօրենը պատվիրակության անդամներին ուղեկցեց նաև Հուշապատի մոտ, բացատրեց դրա կառուցման իմաստն ու այն խորհուրդը, որ կրում է իր մեջ:
Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտեց ցուցանմուշները: Շրջայցից հետո տիկին Պեկրեսը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Ֆրանսիայից ժամանած հյուրերը շրջայց կատարեցին նաև Հիշողության պուրակում, որտեղ Վալերի Պեկրեսը տնկեց անվանական եղևնի:
Այցի ավարտին, Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահն լրագրողներին ուղղված իր խոսքում նշել է.
«Խորապես ցնցված եմ այս այցից հետո, մասնավորապես այս թանգարանով: Ցնցված եմ այն պատկերներով, որոնք փակցված են պատերին և խորապես հասկացել եմ, որքան և ինչ մեծ քանակությամբ քաղաքական ուղերձներ է հղում այս թանգարանը: Կարծում եմ, որ պետք է անհապաղ և առանց վարանելու շարունակել մարդկանց բերել Հայաստան, որպեսզի մարդիկ այցելեն ու Ճանաչեն այս թանգարանը և իրենց սեփական աչքերով տեսնեն, թե ինչպիսիբարբարոսությամբ, դաժանությամբ և անմարդկայնությամբ է իրականցվել Հայոց ցեղասպանությունը: Մեզ համար` արևմտյան ժողովրդի համար առանձնակիորեն
հետևյալն է ցնցող, թե որքան երկրներ տեղյակ էին այն բարբարոսություններից, որոնք տեղի էին ունենում 1915 թվականին, և շատերը գիտակցում էին, թե ինչ է տեղի ունենում, բայց պարզապես անունակ գտնվեցին օգնելու կամ կանխարգելելու այս բարբարոսությունները և այս ցեղասպանությունը: Կարծում եմ, երբ այցելում ես այս թանգարանը դուրս ես գալիս լիովին պապանձված»: