20.04.2018
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված «Հանրապետության ծնունդը» խորագրով ցուցադրության բացումը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:
Ցուցադրությունն ընդգրկում է Հայաստանի առաջին հանրապետությանն առնչվող եզակի ցուցանմուշներ հայաստանյան և սփյուռքյան մի շարք թանգարաններից և անձնական հավաքածուներից:
Ցուցադրության մեջ ներառված հազվագյուտ ցուցանմուշների թվում են պաստառներ, հուշամեդալներ, հոբելյանական բացիկներ, եզակի հրատարակություններ, պատմական լուսանկարներ և այլն: Ներկայացվելու են Սարդարապատում հայտնաբերված թուրքական դրոշի ծայրակալը, Ավետիս Ահարոնյանի ոսկե գրիչը, որով ստորագրվեց Սևրի դաշնագիրը, հայկական բանակին և պետական խորհրդանշաններին առնչվող բացառիկ ցուցանմուշներ:
Ժամանակավոր ցուցադրության մեջ ընդգրկվել են նաև ՀՑԹԻ կողմից վերջին մեկ տարվա ընթացքում ձեռք բերված նորահայտ ցուցանմուշները, որոնց շարքում բացառիկ նշանակություն ունեն բոլորովին վերջերս հայտնաբերված Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների տարհանման գործողությունը ներկայացնող ապակե նեգատիվները, որոնք Հայոց ցեղասպանութան թանգարանին է հանձնել ֆրանսիական նավատորմի «Գիշեն» հածանավի ռազմածովային սպա Լյուսիեն Բոժեի թոռնուհին՝ Ան Սուպան:
Ցուցադրությունը գործելու է մինչև ս. թ. հունիսի 5-ը:
Ցուցադրության կազմակերպման համար աջակցել է Հայաստան համահայկական հիմնադրամը: