23.02.2018
Աշխատանքային այցով ՀՀ ժամանած Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի գլխավորությամբ և ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, այնուհետև թանգարան:
Հյուրերին դիմավորեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը, վերջինս ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը և հուշակոթողի խորհրդանշական իմաստը:
Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիան ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի հուշարձանին, ապա պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Հյուրերն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան 20-րդ դարի առաջին ցեղասպանության պատմության մանրամասներին։ Շրջայցի վերջում նախարար Գիորգի Գախարիան գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Թանգարան կատարած այցից հետո հյուրերը եղան նաև Հիշողության պուրակում, որտեղ Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիան տնկեց անվանական եղևնի։