24.04.2018
Ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանության ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցադրություն: Մի քանի օրվա ընթացքում նոր ցուցադրությունն ունեցել է շուրջ 30 հազար այցելու:
Ցուցադրությունն ընդգրկում է Հայաստանի առաջին հանրապետությանն առնչվող եզակի ցուցանմուշներ հայաստանյան և սփյուռքյան մի շարք թանգարաններից և անձնական հավաքածուներից:
Ցուցադրության մեջ ներառված հազվագյուտ ցուցանմուշների թվում են պաստառներ, հուշամեդալներ, հոբելյանական բացիկներ, եզակի հրատարակություններ, պատմական լուսանկարներ և այլն: Ներկայացվելու են Սարդարապատում հայտնաբերված թուրքական դրոշի ծայրակալը, Ավետիս Ահարոնյանի ոսկե գրիչը, որով ստորագրվեց Սևրի դաշնագիրը, հայկական բանակին և պետական խորհրդանշաններին առնչվող բացառիկ ցուցանմուշներ:
Ժամանակավոր ցուցադրության մեջ ընդգրկվել են նաև ՀՑԹԻ կողմից վերջին մեկ տարվա ընթացքում ձեռք բերված նորահայտ ցուցանմուշները, որոնց շարքում բացառիկ նշանակություն ունեն բոլորովին վերջերս հայտնաբերված Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների տարհանման գործողությունը ներկայացնող ապակե նեգատիվները, որոնք Հայոց ցեղասպանութան թանգարանին է հանձնել ֆրանսիական նավատորմի «Գիշեն» հածանավի ռազմածովային սպա Լյուսիեն Բոժեի թոռնուհին՝ Ան Սուպան: