27.02.2018
30 տարի առաջ արցախահայության` ինքնորոշման իրավունքի իրացմանն ուղղված սեփական կամքի արտահայտման նկատմամբ ադրբեջանական իշխանությունների պատասխանը եղավ սկզբում Սումգայիթում, ապա նաև այլ բնակավայրերում հայ բնակչության նկատմամբ կազմակերպված ոճրագործությունները:
Սումգայիթը մոտ 250,000 բնակչությամբ Ադրբեջանական ԽՍՀ խոշոր քաղաքներից էր: Հայերի թիվը շուրջ 17,000 էր, որոնք հիմնականում ունեին արցախյան ծագում: Սումգայիթի հայ բնակչությունը կենտրոնացած չէր քաղաքի մեկ թաղամասում, ցրված էր ապրում, ինչը ինքնապաշտպանության կազմակերպման անհնարինության պատճառ դարձավ: Այն, ինչ տեղի ունեցավ այնտեղ 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը, ծրագրվել էր նախօրոք, և առկա է եղել սպանություններ և բռնություններ իրականացնելու որոշակի ծրագիր: Այդ ծրագրի առկայությունն են հաստատում ջարդարարների մոտ Սումգայիթի հայերի հասցեների առկայությունը, հանցագործություններից հետո հետքերի վերացումը կամ դրա փորձերը և այլն:
Հանցագործության կազմակերպման ընթացքում ոչ մի հարց չէր անտեսվել: Սումգայիթի խողովակագլանման գործարանում պատրաստվել էին դանակներ, կացիններ, կտրվել ու սրվել էին ամրանների կտորներ, անջատվել էր հայերի հեռախոսակապը, միտումնավոր չեն գործել ՆԳ և շտապ օգնության ծառայությունները:
Բռնությունների համար պարարտ հող էին նախապատրաստել լրատվամիջոցների հակահայկական քարոզչությունը, ջարդերի խրախուսումը երկրի մտավորականների կողմից, ապատեղեկատվությունը և անպատժելիության հեռանկարը, որով խրախուսում էին ջարդարարներին: Ատելության քարոզչությունը և ապատեղեկատվության տարածումը Ադրբեջանում` մասնավորապես Սումգայիթում, սկսվել էին շատ ավելի վաղ: Ջարդերի նախօրյակին միտումնավոր հրահրվում էին միջադեպեր հայերի հետ, որպեսզի հետագայում իրականցվելիք ջարդերն ավելի արդարացված լինեին: Բռնությունների այս սցենարը որոշակի տարբերություններով առկա էր թե′ Սումգայիթում, թե′ Բաքվում: Սումգայիթում իրագործված բռնությունները, սպանդը, բռնի տեղահանությունը առանձնահատուկ դաժանությամբ էին իրականացվել: Առանց բացառության բոլոր սպանություններ կատարվել էին աննախադեպ դաժանությամբ` Սումգայիթի բազմաթիվ քաղաքացիների աչքի առաջ:
Առաջին պաշտոնական հաղորդագրությունները Սումգայիթի ջարդերի մասին թերթերում հայտնվեցին բավականին ուշ և շատ լղոզված էին.
«Մի խումբ խուլիգանություն անող տարրեր… գրանցվել են բռնության և անօրինականության դեպքեր» և այլն: Սումգայիթյան եղեռնագործության իրական մասշտաբներն այդպես էլ վերջնականապես չբացահայտվեցին: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն` Սումգայիթում սպանված բնակիչների թիվն անհամեմատ շատ էր: Դա էին փաստում Հայաստան բռնագաղթվածների վկայությունները: Փախստականների այն հատվածը, որն անմիջապես տեղափոխվեց Ռուսաստան, չհարցվեց: Միակ քիչ թե շատ հստակ ինֆորմացիան այն էր, որ կար շուրջ երեք տասնյակ զոհ, որոնց մեջ էին նաև ծերեր և կանայք: Այն մարդիկ, որոնց հաջողվել էր փրկվել, պատմում էին, որ զոհերի թիվը անհամեմատ շատ է: Շրջանառվում էին 100, 200 և ավելի մեծ թվեր: Երեք օր տևած բռնությունների պատկերը սարսափելի էր. բազմաթիվ սպանվածեր, որոնց մեծ մասին խոշտանգումներից հետո այրել էին, վիրավորներ ու բռնաբարվածներ (որոնց մեջ մեծ թիվ էին կազմում անչափահասները), ինչպես նաև փախստականների բազմահազարանոց բանակ:
Սումգայիթյան գործերով դատավարությունները խորը հիասթափություն էին առաջացրել հայ հասարակության մեջ: Բավական է նշել միայն, որ մեկ ամբողջ ազգի դեմ ուղղված բռնություններն ու սպանությունները որակվել էին որպես խուլիգանական՝ դրդապատճառներից ելնող: Միակ դատական պրոցեսը, որը քիչ թե շատ լուսաբանվեց ԽՍՀՄ լրատվամջոցներում, դա երեք մարդասպանների՝ Ահմեդով Ահմեդի, Իլհամ Իսմաիլովի և Յավար Ջաֆարովի դատավարություններն էին, որոնք անցկացվում էին Մոսկվայում՝ ԽՍՀՄ գերագույն դատարանում: ԽՍՀՄ փլուզումից հետո ոճրագործներից շատերի գործերը կարճվեցին, իսկ նրանց մեծ մասը ազատ արձակվեց:
Սումգայիթում տեղի ունեցած զանգվածային սպանությունների և բռնությունների նպատակն էր ահաբեկել հայերին նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով և ստիպել հրաժարվել Արցախի համար մղվող պայքարից:
Լենա Գևորգյան, ՀՑԹԻ գիտաշխատող