Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՑԹԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՏՆՕՐԵՆ, ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ՀԵՏ


26.09.2018


- Պարո´ն Մարության, ո՞րն է Ձեր առաջարկած ՀՑԹԻ հիմնադրամի զարգացման տեսլականը: Ինչպե՞ս եք այն պատկերացնում:

- Հայոց ցեղասպանությունը բովանդակ հայության ճակատագրի և նրա ժամանակակից հավաքական ինքնության վրա մեծապես ազդած իրադարձություն է։ Այն նաև միջազգային մասշտաբի հանցագործություն է։ Հետևաբար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ՀՑԹԻ) պետք է շարունակի Հայոց ցեղասպանության հետևողական ուսումնասիրությունը և թանգարանային ցուցադրության տարաբնույթ միջոցներով ճանաչելի դարձնի ցեղասպանության վերաբերյալ փաստերը ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկյա քաղաքացիների համար։ ՀՑԹԻ-ի անուղղակի գործառույթներից մեկը ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարն է։ Աշխատանքներ կտարվեն հետևյալ հիմնական ուղղություններով՝ հիմնական ցուցադրություն, գիտահետազոտական աշխատանքներ, արխիվ և կայք, կրթական գործունեություն և այլն:

- Լրամշակումներ կլինե՞ն հիմնական ցուցադրության մեջ:

- Հայոց ցեղասպանության 100-ամյակին նախորդող ժամանակաշրջանում թանգարան-ինստիտուտի գիտական անձնակազմը բավականին ծավալուն աշխատանքներ իրականացրեց, որի արդյունքում ստեղծված ցուցադրությունը նշանակալի ձեռքբերում է Հայոց ցեղասպանության թանգարանային ներկայացման մեջ։ Շատ բան արված է զուսպ, բայց և ճաշակով։ Որոշ թեմաներ, որոնք դուրս մնացին հիմնական ցուցադրությունից նաև տարածքի սահմանափակության պատճառով, թանգարան-ինստիտուտի անձնակազմը փորձել է ներկայացնել ժամանակավոր ցուցադրությունների միջոցով։

Սակայն ես կարևորում եմ մի հանգամանք։ Բանն այն է, որ թանգարանային ցուցադրությունը ոչ միայն իրականության արտացոլման խնդիրներ է լուծում։ Համապատասխան շեշտադրումների միջոցով հիմնական ցուցադրությամբ կարելի է նաև որոշ ուղղորդումներ առաջարկել։ Դրանցից մեկը, իմ համոզմամբ, կարող է լինել ցեղասպանության տարիներին տեղ գտած ինքնապաշտպանությունները հիմնական ցուցադրության անբաժանելի մաս դարձնելը:

Շատ կարևոր է ցեղասպանության ծավալուն թեմայի ներկայացումը առանձին ընտանիքների ճակատագրերի դիտարկման միջոցով։ Բանն այն է, որ «1.5 միլիոն զոհ» հասկացությունը դառնում է շատ-շատերի համար առարկայական, երբ այն ներկայացվում է առանձին անհատների կամ ընտանիքների տառապանքների, պայքարի և ձեռքբերումների ցուցադրմամբ։ Առանձին ընտանիքների ճակատագրերի ներկայացման դժվարին գործի հաղթահարման համար անհրաժեշտ է ոչ միայն փոխանակման/պատճենահանման կամ այլ եղանակով նյութեր ձեռք բերել մյուս հայաստանյան թանգարաններից կամ արխիվներից, այլ նաև այդ մասունքները հավաքել դաշտային աշխատանքներ կազմակերպելով ինչպես Հայաստանի շրջաններում, այնպես էլ Սփյուռքում։

Հիմնական ցուցադրության մեջ ցավալիորեն տեղ չունի Հոլոքոստի, նաև մյուս ցեղասպանությունների ցուցադրությունը։ Այս կերպ ՀՑԹԻ-ը, փաստորեն, շարունակում է Հոլոքոստի շատ թանգարանների համար բնութագրական այն գիծը, երբ տեղ չի տրվում Հայոց ցեղասպանությանը։ Այնուամենայնիվ կարծում եմ, որ անհրաժեշտ է հնարավորություն գտնել և հիմնական ցուցադրության մեջ ինչ-որ կերպ անդրադառնալ մյուս ցեղասպանություններին նույնպես։ Վատագույն դեպքում, փորձել դրանցից յուրաքանչյուրին նվիրել առնվազն մեկական ժամանակավոր ցուցադրություն։ Դա հնարավորություն կտա ավելի սերտ կապեր հաստատել աշխարհի մյուս՝ հոլոքոստի և ցեղասպանության թանգարանների հետ, ինչպես նաև իրականացնել ժամանակավոր ցուցադրությունների փոխանակում։

- Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրությունների աշխարհագրությունն ընդլայնելու անհրաժեշտության, կամ ավելի շուտ հրամայականի մասին էիք նշել հոգաբարձուների խորհրդում:

- Այո´, կարծում եմ, ՀՑԹԻ-ն պետք է փորձի ամեն կերպ նպաստել աշխարհի տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության թանգարաններ կամ նման թեմատիկա ունեցող մշտական կամ ժամանակավոր ցուցադրություններ ստեղծելու գործին։ Պետք է փորձ արվի գործի մեջ ներգրավել եվրոպական համապատասխան մշակութային հիմնարկություններն և դրամաշնորհներ տրամադրող կազմակերպությունները։ Կարծում եմ, գործին կարող էր մեծապես նպաստել նաև հուշային թանգարանների ներկայացուցիչների մասնակցությամբ միջազգային գիտաժողովի կազմակերպումը Երևանում:

- Կարևորում եք նաև գիտահետազոտական աշխատանքը, ի՞նչ ուղղությամբ եք այն տանելու, կա արդյո՞ք այն ներուժը, որ անհրաժեշտ է:

- ՀՑԹԻ-ն իր գոյության ավելի քան երկու տասնամյակների ընթացքում հրատարակել է բազմաթիվ գիտական աշխատություններ։ Որքան տեղյակ եմ, հրապարակումների մի զգալի մասը հին հրատարակությունների վերատպություն է կամ հայտնի հեղինակների գործերի թարգմանություն, ինչը շատ գնահատելի աշխատանք է։ Համեմատաբար քիչ են ՀՑԹԻ-ի աշխատակիցների մենագրությունները կամ ժողովածուները։ Աշխատակիցների հոդվածների գերակշիռ մասը հրատարակվում է «Ցեղասպանագիտական հանդեսում»։ Այլ կերպ ասած, ՀՑԹԻ-ն դեռևս չի դարձել հայաստանյան ցեղասպանագիտական դպրոցի կորիզը կամ ցեղասպանագետ կադրերի հիմնական «դարբնոցը»։ Եվ կարծես թե այդպիսին դառնալու կամ դրան հավակնելու նախանշանները նույնպես բացակայում են։ Դրա դրսևորումներից է նաև այն, որ ՀՑԹԻ-ի աշխատակիցները չեն հրատարակվում հեղինակավոր միջազգային օտարալեզու գիտական պարբերականներում։

Այսինքն, ՀՑԹԻ-ի հետազոտական պոտենցիալը ուժեղացման կարիք է զգում։ Կարծում եմ, անհրաժեշտ է ոչ միայն ի մոտո աշխատել թանգարանի գիտական անձնակազմի յուրաքանչյուր անդամի հետ, այլ նաև նրանց կցել հայաստանցի մասնագետների՝ պարբերական քննարկումների և խորհրդատվության, ուղղորդումների համար։ Կարելի է փորձել քայլեր ձեռնարկել, որպեսզի թանգարանցիներին իրենց խորհուրդներով օժանդակեն սփյուռքահայ մասնագետները նույնպես։ Հոդվածների ձեռագրերը համապատասխան վիճակի բերելուց հետո կարելի է օժանդակել հեղինակներին դրանց թարգմանության և գիտական ու լեզվական խմբագրության գործում։ Պետք է փորձել ուղիներ որոնել ՀՑԹԻ-ի գիտական անձնակազմի անդամների ընդհանուր մեթոդաբանական պատրաստվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ, ամեն կերպ օժանդակելով նրանց պարբերական մասնակցությանը Երևանում և արտերկրում կազմակերպվող գիտաժողովներին և սեմինարներին։

Պետք է քայլեր ձեռնարկել ցեղասպանության գծով ատենախոսությունների թեմաների առաջնահերթությունները ուրվագծելու ուղղությամբ այնպես, որ յուրաքանչյուր սկսնակ հետազոտողի համար պարզորոշ լինի, թե ի՞նչ բնույթի ուսումնասիրություններում է նախ և առաջ հետաքրքրված ՀՑԹԻ-ն։ Աշխատակիցների գիտական հետազոտությունները նաև պետք է ինչ-որ չափով միտված լինեն թանգարանի ցուցադրության ընդլայնմանը։

Լրացուցիչ ֆինանսավորման առկայության պարագայում ՀՑԹԻ-ում կարող է ստեղծվել առանձին բաժին, որը, համագործակցելով մասնագիտական շրջանակների հետ, ի մոտո կզբաղվի Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման հարցերի գիտական հետազոտությամբ, խնդրի շուրջ միջազգային փորձի ուսումնասիրությամբ։

- Ձեր տեսլականում նշեցիք արխիվ և կայք, կմանրամասնե՞ք:

- Այս հարցին պետք է անդրադառնամ օրինակներով: Տեսե´ք, ԱՄՆ հոլոքոստի հուշային թանգարանը շուրջ երկուսուկես տասնամյակ հետևողականորեն աշխարհի տարբեր արխիվներից ամեն տարի բազմահազար միավոր արխիվային նյութ է պատճենում կամ թվանշանայնացնում և բերում թանգարանի արխիվ։ Այս քաղաքականության շնորհիվ է, որ այդ արխիվը դարձել է Հոլոքոստի ուսումնասիրության մեջ իր ծավալներով ամենամեծը և հետազոտողների զգալի մասը փորձում է գալ Վաշինգտոն թանգարանի արխիվում աշխատելու համար։ ՀՑԹԻ-ն այդ ուղղությամբ հետևողական քայլեր չի ձեռնարկել։ Պաշտոնավարման առաջին օրերին տեղեկացա, որ հսկայական ծավալի թվայնացված նյութ կա, բայց որը դեռ պետք է ուսումնասիրել, դասակարգել և տեղադրել հատուկ կրիչների վրա:Իրավիճակի արմատական փոփոխությունը վաղուց արդեն հրամայական է դարձել։

Կարծում եմ, որ լրջորեն պետք է բարելավվի նաև թանգարան-ինստիտուտի կայքի աշխատանքը։ Այն պետք է դարձնել ավելի գրավիչ, ավելի թիրախային, ավելի բազմազան, ավելի լավ ձևավորված։ Պետք է ավելացնել օտարալեզու հրապարակումների թիվը։ Պետք է աշխատեցնել հետադարձ կապը, այսինքն՝ կապը կայքի այցելուների հետ։ Ինձ համար այս առումով ուղենիշային է ԱՄՆ հոլոքոստի հուշային թանգարանի կայքի կառուցվածքը և գործունեությունը՝ www.ushmm.org ։

- Ինչ՞ է ասել կրթական գործունեություն:

- Ցեղասպանության առաջին բնութագրումներից մեկը՝ «հանցագործություն մարդկության դեմ», առավել ամբողջական է փոխանցում այդ երևույթի մեծությունը։ Հետևաբար մեծապես կարևորվում է ցեղասպանության նախադրյալների, ընթացքի, հետևանքների, պատժի մասին իմացությունը։ Անկախ հայաստանյան կրթական հաստատություններում «Հայոց ցեղասպանություն» առարկայի դասավանդման հարցի ճակատագրից, ՀՑԹԻ-ն կարող է, համապատասխան պայմանավորվածությունների միջոցով, մեթոդաբանական խորհրդատվություն տրամադրել կամ օժանդակել դիդակտիկ նյութերի և ցուցադրությունների նախատատրաստման գործին Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

Կարծում եմ, որ ՀՑԹԻ-ն կարող է իր վրա վերցնել ցեղասպանությունների դասավանդման միջազգային փորձը հայաստանյան մասնագիտական հանրությանը ծանոթացնելու, փորձի փոխանակում իրականացնելու ոչ դյուրին գործը։ 2012 թ. ես մասնակցել եմ «Հոլոքոստի դասավանդումը 21-րդ դարում» երկու միջազգային սեմինարների (Զալցբուրգի գլոբալ սեմինար՝ և Յադ Վաշեմ), որի մասնակիցների աշխարհագրությունը շատ մեծ էր։ Յադ Վաշեմում ինձ առաջարկեցին, որ եթե Հայաստանից մինչև 15 մասնագետներով խումբ իր հաշվին ժամանի Երուսաղեմ, իրենք իրենց վրա կվերցնեն խմբի կեցության ծախսերը և հենց միայն նրանց համար կկազմակերպեն մեկ շաբաթանոց սեմինար-պարապմունքներ։ Ես այդ առաջարկը փոխանցել էի ՀՑԹԻ-ի ղեկավարությանը։

- Պարո´ն Մարության, Ձեր գիտական գործունեությանը հետևած մարդկանց համար ակնհայտ է, որ առանձնակի եք կարևորում Հիշատակի օրվա խորհուրդը: Ձեր պաշտոնավարման ընթացքում կամ շրջանակներում կլինե՞ն փոփոխություններ նաև այս չափազանց նուրբ հարցում:

- Հայոց ցեղասպանությանն առնչվող ամենամյա հիշատակումների ժամանակ, որպես կանոն, շեշտադրումներն արվում են «ցեղասպանության զոհերին», երբեմն էլ, որպես լրացում, հիշվում են հայ ֆիդայիները, ինքնապաշտպանական մարտերը։ Սակայն այս «լրացումը», այնուամենայնիվ, մաս չի կազմում պաշտոնական, ինստիտուցիոնալ ձևակերպման, ինչը, իմ համոզմամբ, ուզում ենք դա թե ոչ, բերում է զոհի կաղապարի, զոհի մշակույթի գոյատևմանը նպաստելուն։

Մինչդեռ Հայոց ցեղասպանության ու, մասնավորապես, Առաջին աշխարհամարտի տարիներին ռուսական բանակի Արևմտյան և Կովկասյան ճակատներում կռվող հայազգի զինվորների թիվը կազմում էր մոտ 300 հազ. մարդ։ Ձևավորվեցին յոթ հայկական կամավորական ջոկատներ, իսկ 1916 թ. նոյեմբերին ֆրանսիական զորքերի կազմում ստեղծվեց հայերից բաղկացած Արևելյան լեգեոնը, որը 1918 թ. դեկտեմբերին վերանվանվեց Հայկական լեգեոն։

Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրությունում տեղ գտան հայերի ինքնապաշտպանական կռիվներ հետևյալ խոշոր բնակավայրերում. Շատախ/Թաղ, Վան, Շապին-Գարահիսար, Մուշ, Ֆընտըճագ, Ուրֆա, Հաճըն, Այնթապ։ Գավառներից՝. Գավաշ, Փեսանդաշտ, Սասուն, Մուսա-լեռ, Յոզղատի և Խնուսի հայկական գյուղեր, Խոտորջուրի գավառ և այլն։

Որոշ վայրերում հայերը դիմադրել են շատ կարճ, այլ տեղերում՝ շաբաթներ և ամիսներ շարունակ, կազմակերպված ու չկազմակերպված, զինված ու շատ քիչ զենք-զինամթերքով։ Սակայն հայկական իրականության մեջ, արդեն շուրջ մեկ դար, պաշտոնական կամ անպաշտոն ձևով նշվում է «Հայոց ցեղասպանության զոհերի» հիշատակը։ Տասնամյակներ շարունակ հենց միայն նմա´ն շեշտադրումն իր հետևից բերում է նաև թերարժեքության բարդույթների դրսևորումներ, ցեղասպանության հիշողությունը որպես բեռ ընկալելու երևույթներ, որոշ դեպքերում էլ՝ դրանից «ազատվելուն» ուղղված գործողությունների անհրաժեշտության գիտակցում:

Անհրաժեշտ են որոշակի փոփոխություններ հանրապետությունում տարվող հիշողության քաղաքականության բնագավառում։ Մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ցեղասպանությունից անցել է հարյուր տարի, ունենք նաև շուրջ երեսնամյա ազգային պետականություն, արցախյան հաղթանակների գործոնը, վաղուց ժամանակն է վերաիմաստավորել հիշողության օրվա խորհուրդը, ձևափոխել այն, իրականացնել առնվազն շեշտադրումների փոփոխություն և խորհրդարանի որոշմամբ շրջա-նառության մեջ դնել այլ բանաձևում. «Հայոց ցեղասպանության զոհերի և ինքնապաշտպանական մարտերի հերոսների հիշատակի օր»։

- Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը դարձել է հիմնադրամ, ինչպե՞ս եք կարգավորելու ֆինանսական գործունեությունը, հաճախ նաև՝ խնդիրները:

- Այո´, 2017 թվականի դեկտեմբերից ՀՀ կառավարության որոշմանհամաձայն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը դարձավ հիմնադրամ, ընդունվեց համապատասխան կանոնադրություն:

Կկիսվեմ թանգարան-ինստիտուտի բյուջեի համար լրացուցիչ նյութական լրացուցիչ միջոցներ հավաքելուն ուղղված հնարավոր քայլերի մասին իմ պատկերացումներով։

Արտերկրում գործող գիտահետազոտական և գիտամշակութային բազմաթիվ հաստատություններ իրենց կայքերում, որպես կանոն, ունենում են «Donate» բաժինը, ուր տարբեր հիմնավորումներով կոչ են անում քաղաքացիներին և պոտենցիալ բարերարներին գումարներով օժանդակել իրենց հիմնարկությանը։ Նրանցից շատերը էլեկտրոնային կամ թղթային նամակներ են ուղարկում հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդկանց, որոնք, կազմակերպիչների գիտությամբ, պոտենցիալ դոնորներ են։ Այսինքն, սա գործունեության շատ նորմալ և ընդունելի ձևաչափ է։ Գտնում եմ, որ ՀՑԹԻ-ի կայքում կարելի է տեղադրել փոքր և մեծ ծրագրերի հայտեր, որոնց հստակ հաշվարկները առաջին իսկ անհրաժեշտության դեպքում կարող են ուղարկվել պոտենցիալ դոնորներին։ Այդ ծրագրերը կարող են վերաբերել շատ տարբեր բաների՝ սկսած իրերի ձեռքբերումից, ճանապարհորդական դրամաշնորհներից մինչև թարգմանության-խմբագրության համար անհրաժեշտ գումարներ։ Սա չի նշանակում, թե հենց որ նման հայտարարություններ լինեն, անմիջապես դոնորները «հերթի կկանգնեն»։ Ոչ։ Նման գործը ժամանակ է պահանջում, վստահության պաշարի առկայություն է անհրաժեշտ, ինչը, կրկին նկատեմ, ձեռք է բերվում ժամանակի ընթացքում։

Լրացուցիչ նյութական միջոցներ կարող են ձեռք բերվել նաև հուշանվերային գործունեությունից։ Աշխարհի բազմաթիվ թանգարաններ, ունեն կից խանութ-սրահներ, ուր վաճառվում են թանգարանի գործունեության ոլորտներին առնչվող իրեր, մեծ քանակությամբ՝ բացիկներ և հուշանվերներ։ Գտնում եմ, որ նման գործունեություն կարելի է ծավալել նաև թանգարանին կից վաճառասրահում։ Ընդ որում, ցանկալի կլինի, որ հուշանվերների ընտրության գործին մասնակցեն նաև հեղինակավոր արվեստագետներ, մենեջմենթի ոլորտի մասնագետներ։ Պետք է նկատի ունենալ նաև, որ որոշ անվճար թանգարաններ երբեմն ունենում են լրացուցիչ վճարովի ժամանակավոր ցուցադրություններ։

Լրացուցիչ ֆինանսավորման առկայությունը կարող է հնարավորություն ստեղծել հուշահամալիրի տարածքում առկա անտառը վերածելու հուշային պարկի՝ արդիական ձևավորմամբ։

- Հուշային պարկ… Սա վստահաբար բոլորիս երազանքն է: Հուսամ՝ կհաջողենք:

- Հուսամ։ Ժամանակ, աշխատանք, նվիրում և մեծ գումարներ պահանջող գործ է։ Բայց այն պետք է սկսել...




© Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am