29.08.2018
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ եզակի նվիրատվության միջոցառում: Սիրիահայ հայրենադարձ Ջորջ Բարսեղյանը թանգարանին նվիրաբերեց ընտանեկան մասունք՝ Այնթափի հերոսամարտի ընթացքում օգտագործված ատրճանակ:
Մասնագիտությամբ բժիշկ Ջորջ Բարսեղյանն արդեն վեց տարի է մշտական բնակություն է հաստատել Հայաստանում: Առավել կապվելով հայրենիքին՝ նա հաստատապես որոշել է սերնդեսերունդ փոխանցված ընտանեկան մասունքը` ատրճանակը, ի պահ տալ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:
«Սա է իր վերջնական և մշտական գտնվելու արժանի վայրը` մեկուկես միլիոն զոհերի հիշատակը հավերժացնող սրբատեղին, որտեղ այն հնարավորինս մոտ է նահատակների հոգիներին»,- համոզված է պարոն Բարսեղյանը:
Ատրճանակը պատկանել է նրա հոր մեծ հորը` Գիրգոր /Գեվիրկ/ Բարսեղյանին, ով մասնակցել է Այնթափի հերոսամարտերին: Ջորջ Բարսեղյանը զենքը Հայաստան գալուց առաջ ի պահ է տվել Սիրիայում Հայատանի Հանրապետության դեսպանատանը, և միայն վերջերս Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի ջանքերով կարողացել են դուրս բերել Սիրիայից:
«Սա չափազանց կարևոր նվիրատվություն է, թանգարանային միավոր, որն իր մեջ խտացնում է հայ ժողովրդի մարտական ոգին, վերապրելու կամքն ու հաղթանակի նկատմամբ ունեցած վստահությունը»,-գտնում է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Մարգարյանը:
Միջոցառման ներկա էին ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը, «ՀՑԹԻ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ և այլ հյուրեր:
Նարինե Մարգարյանը պարոն Բարսեղյանին ու պարոն Փոլադյանին հանձնեց շնորհակալագրեր՝ տպագրված ձեռակերտ թղթի վրա, որը պատրաստվում է ապրիլի 24-ին հավաքված ծաղիկների թերթիկների վերամշակումից և, իհարկե, ՀՑԹԻ հատորներից «Մաքառելով կյանքի ու արժանապատվության համար. ինքնապաշտպանական մարտերը Մեծ Եղեռնի տարիներին» գիրքը:
ՀՀ Սփյուռքի նախարարին նույնպես տրվեց ՀՑԹԻ հրատարակություններից:
Այս միջոցառման առիթով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը պատրաստել էր նաև ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Այնթափին: