30.03.2018
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի գլխավորած պատվիրակությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը:
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարի գլխավորած պատվիրակությունը շրջայց կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ Հայոց ցեղասպանության մասին վկայող նյութերին:
Ժան-Բատիստ Լեմուանը նաև գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում. «Հիշատակի ամրապնդման հետ կապված այս նշանակալի աշխատանքը հիացմունքի է արժանի:
Մենք պատմության հետ կապված նման աշխատանքի կարիք ունենք: Ֆրանսիան և ֆրանսիացիները կապված են հայ ժողովրդի այս պատմության հետ, ժողովուրդ, որն արյունով է վճարել: Պատմության ուժեղ դասերից ելնելով՝ միասին գրենք մեր՝ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամության նոր պատմությունը»:
Ֆրանսիայի խորհրդարանը 2001թ. հունվարի 29-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում (2016թ. հուլիսի 1-ին) և Սենատում (2016թ. հոկտեմբերի 14-ին)՝ պատգամավորների ձայների զգալի մեծամասնությամբ: Օրենսդիրների մոտ միասնական է մոտեցումը, որը Ֆրանսիայում պետք է պատժվեն մարդկության դեմ գործված բոլոր հանցանքները, այդ թվում՝ ցեղասպանությունները, պատերազմական հանցագործությունները, ստրկացումը և այլ ոճիրներ ժխտողները: Եվ չայած հանգամանքին, որ Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը հունվարի 26-ին քննության է առել և սահմանադրությանը հակասող է հայտարարել Հավասարության և քաղաքացիության մասին օրենքի այն հոդվածը, որը պատիժ էր սահմանում մարդկության դեմ գործված բոլոր հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանությունների ժխտման համար, փորձագետները կարծում են, որ որոշումը չի կարող ազդել Հայոց ցեղասպանության ժխտման պատժելիության վրա, քանի որ Սահմանադրությանը չհամապատասխանող հոդվածը ուղղակիորեն Հայոց ցեղասպանությանը չի վերաբերում: Ֆրանսիայի հայկական համայնքն էլ հայտարարում է, որ որոշումը հետ չի պահի հայկական համայնքին՝ Ցեղասպանության ժխտման քրեականացման պայքարից: