12.10.2018
Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի և քրիստոնյա այլ ժողովուրդների տեղահանության ու կոտորածների մասին լուրերը մարդասիրական մեծ արձագանք գտան նաև Կանադայում: Հայերի կոտորածների մասին լուրերը Կանադա էին հասնում Մերձավոր Արևելքում գտնվող կանադացի միսիոներների, ինչպես նաև մամուլի միջոցով: Կոտորածները վերապրածներին օգնություն տրամադրելու նպատակով Կանադայում սկիզբ առավ հայանպաստ շարժում, որի հիմքերը դրվել էին դեռևս 1880-ականներին: Մարդասիրական շարժման ակունքներում կանգնած էին կանադացի միսիոներները:
Հնավանդ մարդասիրություն. Կանադան անտարբեր չէ
Կանադայի բնակչությունը Օսմանյան կայսրությունում ապրող հայերի դրությանը և Հայկական հարցին առաջին անգամ ծանոթացավ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո: Տեղեկատվության հիմնական աղբյուրը Օսմանյան կայսրությունում դեռևս 1860-ականներից գործունեություն ծավալած կանադացի միսիոներներն էին: 1879 թ. դեկտեմբերի 17-ին կանադական
The Globe թերթում լույս տեսավ հոդված՝ Վանի վիլայեթում երկրաշարժից հետո սկսված սովի մասին: Այդ մասին թերթի խմբագրություն նամակ էին ուղարկել նույն թվականի հուլիս ամսին Արևմտյան Հայաստանի Էրզրում քաղաք տեղափոխված միսիոներներ Ռոբերտ և Ուիլյամ Չեմբերսները: Քուինս աստվածաբանական քոլեջի ղեկավար Ջորջ Գրանտին գրված իր նամակում Ռոբերտ Չեմբերսը խնդրում էր տեղեկացնել կանադացիներին Վանի նահանգում քրիստոնյաների ծանր դրության մասին և ֆինանսական օգնություն ուղարկել: Ջ. Գրանտն այդ նամակը տպագրեց
The Globe թերթի խմբագրական խոսքում՝ կոչ անելով նվիրատվություններ անել «Նոյի ժառանգերը համարվող և բիբլիական հողում բնակվող ժողովրդի համար»: Շուտով այդ կոչերին միացավ նաև հայտնի ժամանակի գրող Ագնես Մոլ Մաշաղը: Հանգանակությունները պետք է ուղարկվեին ԱՄՆ-ի Բոսթոն քաղաք` Արտաքին առաքելությունների համամիսիոներական ամերիկյան խորհրդի գրասենյակ: Այդ կոչերի արդյունքում մեկ տարվա ընթացքում հանգանակվեց մի քանի հարյուր դոլար: Թեև մամուլի լուսաբանումները բավականին քիչ էին, սակայն նշանակալի դերակատարում ունեցան Կանադայի բնակչության շրջանում Օսմանյան կայսրության հայերի վիճակի մասին տեղեկատվության տարածման և հայանպաստ կարծիքի ձևավորման գործում:
Երկար տարիներ շարունակ ապրելով կայսրության հայկական համայնքներում՝ կանադացի միսիոներները բավականին լավ ծանոթ էին հայերի դեմ իրականացվող քաղաքականությանը և պարբերաբար կրկնվող կոտորածներին: Օսմանյան կայսրություն ուղարկված կանադացի միսիոներներ Չեմբերս եղբայրները և Ֆրեդերիկ Մակքալըմը առաջին միսիոներներից էին, որոնց զեկույցները 1894-1896 թթ. Համիդյան կոտորածների մասին տպագրվեցին կանադական թերթերում: Կանադական
The Globe թերթը 1895թ. դեկտեմբերից մինչև 1896թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում տպագրեց հայերի ծանր դրությունը և համիդյան կոտորածները ներկայացնող ավելի քան 200 հոդված և խմբագրականներ: Հոդվածների քանակը կտրուկ աճեց, երբ հայտնի դարձավ, որ հալածանքների է ենթարկվել ու բանտարկվել նաև կանադացի միսիոներ Ջոն Քեմբել Մարտինը: Կանադայի բնակչության շրջանում տեղեկացվածության բարձրացման և համիդյան կոտորածները վերապրածների համար հանգանակությունները կազմակերպելու համար թերթերում և պարբերականներում հաճախ էին տպագրվում առանձին անհատների կոչեր, ծաղրանկարներ և նույնիսկ բանաստեղծություններ: Ագնես Մոլ Մաշաղը, ով դեռևս 1880 թ. մասնակցել էր հայերի համար կազմակերպված հանգանակություններին Week պարբերականում տպագրեց «Ե՞րբ սա կավարտվի» վերնագրով բանաստեղծություն, իսկ հայտնի քաղաքական ծաղրանկարիչ Ջ. Վ. Բենգաֆի՝ սուլթան Աբդուլ Համիդին և Եվրոպական պետությունների հետ նրա վարած քաղաքականությունը ներկայացնող որոշ ծաղրանկարներ տպագրվեցին The Globe թերթում: Այս քարոզարշավին իրենց մասնակցությունն ունեցան նաև որոշ կրոնական բնույթի պարբերականներ
(Canada Presbyterian, Methodist Magazine): 1896 թ. կանադական առաջին հանրագիտարանի հեղինակ Ջոն Կազել Հոփքինզը տպագրեց իր «Իսլամի սուրը կամ Տառապյալ Հայաստան. թուրքական իշխանության և Արևելյան հարցի տարեգրություն» գիրքը, որի 25-րդ գլուխն ամբողջությամբ ներկայացնում էր այս հարցում Կանադայի դիրքորոշումը: 1890-ականներին Հայկական հարցի և համիդյան կոտորածների մասին կանադական թերթերում և հատկապես բողոքական քրիստոնեական մամուլում տպագրված հոդվածներն առաջ բերեցին Կանադայի հասարակության համակրանքն ու սրտացավությունը Օսմանյան կայսրության հայերի նկատմամբ, որն էլ մեծապես նպաստեց դրամահավաք աշխատանքների և հանգանակությունների կազմակերպմանը: 1895 թ. ամերիկյան և բրիտանական նպաստամատույց կազմակերպությունների ստեղծումից հետո, մի խումբ կանադացիների պահանջով և նախաձեռնությամբ 1896 թ. ստեղծվեց Կանադայի հայկական նպաստամատույց հիմնադամը, որի գործունեությանը մեծապես աջակցեցին կանադացի միսիոներներ, պրեսբիթերական եկեղեցու առաջնորդներ, Տորոնտոյի Թրինիթի աստվածաբանական վարժարանը և այլ աստվածաբանական վարժարաններ, կանադական մամուլը և մի շարք առաջադեմ գործիչներ: 1896 թ. հունվարի 29-ին
The Globe թերթում տպագրվեց միսիոներ Ռոբերտ Չեմբերսի կոչը կանադացիներին, որով հորդորում էր անել հնարավոր ամեն բան հայերին օգնելու համար: Ռոբերտ Չեմբերսի կոչն արձագանք գտավ, և կարճ ժամանակ անց Քուինզ աստվածաբանական քոլեջի ղեկավար Ջ. Գրանտի ջանքերով կազմավորվեց համա-կանադական նպաստամատույց հիմնադրամ, որը ներկայացուցչական կոմիտեներ բացեց Տորոնտոյում, Մոնրեալում, ծովային գավառներում և հյուսիս-արևմտյան շրջաններում: Սկիզբ առավ աննախադեպ մարդասիրական շարժում, որը տարածվեց Կանադայի գրեթե բոլոր քաղաքներում:
The Globe, պրեսբիթերական
Montreal Wintess և Canada Presbyterian թերթերը քարոզչական լայն գործունեություն ծավալեցին հանգանակություններ կազմակերպելու նպատակով: Արդյունքում հավաքվեց շուրջ 16 000 կանադական դոլար, որն ուղարկվեց Բրիտանական նպաստամատույց հիմնադրամ:
Մարդասիրական օգնություն Ադանայի կոտորածներից հետո
Կանադացիների շրջանում հայանպաստ շարժումը նոր թափ ստացավ 1909 թ. Ադանայի կոտորածներից հետո: Դեռևս 1860-ականներից Օսմանյան կայսրությունում հաստատված կանադացի միսիոներներն ականադես դարձան նաև 1909 թ. Ադանայի կոտորածներին: Նրանց ուղարկած զեկույցները ու հաղորդագրությունները կոտորածների մասին տպագրվում էին կանադական թերթերում և այնպիսի ազդեցություն էին թողնում ընթերցողի վրա, որ վերջիններս, որպես կամավորական, անդամագրվում էին Արտաքին առաքելությունների համամիսիոներական ամերիկյան խորհրդին՝ Օսմանյան կայսրություն մեկնելու համար:
Դրամահավաք աշխատանքների կազմակերպման գործում մեծ դերակատարում ունեցավ կանադական մամուլը, և հատկապես
The Globe թերթը: 1909 թ. ապրիլին կոտորածների մասին առաջին իսկ հաղորդագրություններից հետո թերթի խմբագրությունը լայնածավալ քարոզչական գործունեություն ծավալեց՝ հայերի օգտին հանգանակություններ կազմակերպելու նպատակով: Շուրջ 5 ամիս տևած դրամահավաքի արդյունքում հանգանակվեց ավելի քան 6000 դոլար: 1909 թ. հոկտեմբերին Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատում քննարկումներ սկսվեցին կոտորածներից տուժածներին դրամական օգնություն տրամադրելու մասին, և 1909 թ. հոկտեմբերի 27-ի համարում The Globe թերթը հայտարարեց, որ Կանադայի խորհրդարանը կողմ է քվեարկել նպաստամույց աշխատանքների համար դրամական միջոցներ տրամադրելու որոշմանը:
Կանադայի հայկական նպաստամատույց ընկերակցությունը
Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության տարածքում գործող կանադացի միսիոներները` որպես պատերազմում Մեծ Բրիտանիայի դաշնակից երկրի քաղաքացիներ, երիտթուրքական կառավարության հրամանով ձերբակալվում և արտաքսվում էին երկրից: Չնայած այդ հանգամանքին` շատ միսիոներներ, վտանգելով իրենց կյանքը, շարունակեցին մնալ կայսրությունում՝ աշխատելով Արտաքին առաքելությունների համամիսիոներական ամերիկյան խորհրդի կայաններում: Վերջիններիս ուղարկած հեռագրերն ու նամակները` կայսրության հայերի կոտորածների նկարագրություններով, անընդմեջ տպագրվում էին կանադական մամուլում:
Մերձավոր Արևելքի հազարավոր կարիքավորներին օգնելու նպատակով 1917 թ. Տորոնտոյում հաստատված հայ գորգավաճառ Լևոն Բաբայանի նախաձեռնությամբ ստեղծվեց Հայկական նպաստամատույց հիմնադրամը
(Armenian Relief Fund), որի գործունեությանը մեծապես աջակցեցին եկեղեցական առաջնորդներ, կրոնական խմբեր, ժամանակի հայտնի հասարակական գործիչներ ու ազդեցիկ դեմքեր, ինչպիսիք էին Օնտարիոյի վարչապետ Ուիլյամ Հերսթը, Կանադական առևտրային բանկի նախագահ սըր Ուիլյամ Մյուլոքը, Տորոնտոյում բնակվող մեծահարուստներ, որոնք դարձան հիմնադրամի նվիրատուները: 1921 թ. Հայկական նպաստամատույց հիմնադրամը վերանվանվեց Կանադայի հայկական նպաստամատույց ընկերակցություն, և գլխավոր քարտուղար նշանակվեց դոկտոր Ա. Ջ. Վինինգը: Նպաստամատույց ընկերակցության գլխավոր գրասենյակը գտնվում էր Տորոնտոյում, բայց մասնաճյուղեր ուներ Քինգսթոնում, Վիկտորիայում ու Բրիտանական Կոլումբիայում:
Կանադայի հայկական նպաստամատույց ընկերակցությունը մարդասիրական օգնության գործում կանադացիների մասնակցությունը կազմակերպելու նպատակով լայն քարոզչական գործունեություն ծավալեց: Այն իրականացվեց հիմնականում կանադական մամուլի, հանրությանն ուղղված առանձին անհատների և Օսմանյան կայսրությունից վերադարձած միսիոներների ելույթների ու կոչերի միջոցով: Բանախոսություններն ու զեկույցները նպաստամատույց ընկերակցության քարոզարշավի անբաժանելի մասն էին. շատ հաճախ տարածաշրջանից վերադարձած միսիոներները Կանադայի տարբեր քաղաքներում հանդիպումներ էին կազմակերպում կանադացիների հետ, որոնց ընթացքում ներկայացում էին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և կոտորածների մանրամասներ:
The Globe թերթի 1920 թ. հունվարի 17-ի համարում հայտատարություն էր տեղադրվել «Հայաստանի աղետը» խորագրով, որը հրավիրում էր ընթերցողներին ներկա գտնվելու Մերձավոր Արևելքից վերադարձած միսիոներուհի Իռա Փիրսի հետ հանդիպմանը:
Հիմնադրամն ակտիվորեն համագործակցում էր թերթերի ու ամսագրերի հետ: Կանադական գրեթե բոլոր հայտնի թերթերը մանրամասն լուսաբանում էին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, իսկ որոշ թերթեր, ինչպիսիք էին
The Globe-ը,
Toronto Daily Star-ը,
Winnipeg Free Press-ը իրենց մասնակցությունն ունեցան քարոզարշավին: Թերթերն ամբողջական սյունակներ էին հատկացնում քարոզչության համար և զեկուցում արված ներդրումների մասին:
The Globe թերթի 1916 թ հունիսի 21-ի համարում Կանադայի հայկական նպաստամատույց ընկերակցությունը քառորդ էջի սահմաններում ներկայացնում էր Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, խաղաղ բնակչության կոտորածներն ու տեղահանությունը` մեջբերելով 1913-1916 թթ. Օսմանյան կայսրությունում ԱՄՆ նախկին դեսպան Հենրի Մորգենթաուի կողմից հավաքված ականատեսների վկայությունները: Հոդվածում նշվում էր, որ հանգանակված յուրաքանչյուր դոլար օգտագործվելու էր գաղթականների համար սնունդ, դեղորայք, հագուստ գնելու համար:
The Globe-ի սկսած քարոզարաշավի շնորհիվ մեկ տարվա ընացքում հավաքվեց շուրջ 15 000 դոլար:
Դրամահավաք կազմակերպելու նպատակով Տորոնտոյում և կանադական այլ քաղաքներում հաճախ էին հանգանակության օրեր հայտարարվում. միայն Տորոնտոյում 1917 թ. մայիս ամսվա ընթացքում հայտարարված հանգանակության օրերին հավաքվեց 14 000 դոլար: Կազմակերպվում էին նաև ներկայացումներ, որոնց տոմսերի վաճառքից ստացված գումարը հատկացվում էր հայ գաղթականների և որբերի կենսապահովման գործին:
Շատ հաճախ թերթերում տպագրվում էին հայ որբերի ու գաղթականների նկարներով ու պատմություններով պաստառներ, որոն հնարավորություն էին ընձեռում առավել հստակ պատկերացնելու ողբերգության ծավալները: 1917 թ. կանադական հայտնի
The Globe և
Winnipeg Free Press թերթերում Կանադայի հայկական նպաստամատույց ընկերակցությունը տպագրեց «Սուրբ Ծնունդի կանադական մեծ տուփ` տառապյալ հայերին» խորագրով պաստառներ, որոնցում ներկայացված էր ցեղասպանությունը վերապրած հայ որբուհի Շուշանի պատմությունը և նրա նկարը` «Դուք թույլ չեք տա, որ ես սովամահ լինեմ, այնպես չէ՞» կարգախոսով:
Հանգանակություններին իրենց մասնակցությունն ունեցան նաև կիրակնօրյա դպրոցները ողջ Կանադայի տարածքում: 1918-1920 թթ. կիրակնօրյա դպրոցներում երեք անգամ կազմակերպված հանգանակությունների արդյունքում հավաքվեց ավելի քան 300 000 դոլար:
Առաջին աշխարհամարտի ավարտից հետո պայմաններ ստեղծվեցին առավել արդյունավետ դրամահավաքի համար: Հայ գաղթականների ու որբերի լուսանկարների և շարժական պատկերների միջոցով Կանադայի հասարակությունն առավել հստակ կարող էր պատկերացնել ողբերգության ծավալները: Կանադայի տարբեր քաղաքներում կազմակերպվեցին վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի ցուցադրություններ: 1919 թ. և հաջորդ տարիներին Տորոնտոյում, Վինիպեգում և կանադական այլ քաղաքներում ցուցադրվեց «Հոշոտված Հայաստան» կամ «Հոգիների աճուրդ» ֆիլմը: Ֆիլմը նկարահանվել էր Լոս Անջելեսում 1918 թ. դեկտեմբերին ցեղասպանությունը վերապրած 17 տարեկան Ավրորա Մարդիգանյանի համանուն հուշագրության հիման վրա: Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ կանադական կինոթատրոններում և, չնայած ֆիլմի դիտումն արգելված էր մինչև 21 տարեկան կանադացիներին,
Toronto Star թերթի համաձայն միայն երեք շաբաթվա ընթացքում ֆիլմը դիտել էր ավելի քան 93 250 կանադացի: Մինչ ֆիլմի ցուցադրությունը կանդական
The Winnipeg Evening Tribune թերթը 1918 թ. աշնանը իր ընթերցողներին ներկայացրեց Ավրորայի հուշագրությունը «Երկու տարվա իմ տառապանքները հոշոտված, նահատակված Հայաստանում» խորագրով: Այն հանգամանքը, որ Ավրորան իր հուշագրության մեջ շնորհակալություն էր հայտնում կանադացի միսիոներ Ֆրեդերիկ Մակքալըմին, Կանադայի հասարակությանը պարտավորեցրեց շարունակելու և ավելի մեծացնելու օգնության չափերը:
Դրամահավաք աշխատանքներին նոր թափ հաղորդելու համար 1920 թ. Կանադայի հայկական նպաստամատույց ընկերակցությունը և
The Globe թերթը համատեղ մեկնարկեցին
The Call from Armenia («Հայաստանի կանչը») խորագրով քարոզարշավը: Թերթն իր 1920 թ. հունվարի 9-ի համարի առաջին էջին տեղադրել էր հայ կոտորածները վերապրածների ծանր վիճակը ներկայացնող հոդված, որով թերթի խմբագիր և տնօրեն Ռոբերտ Ջեֆրին առաջարկում էր թերթի միջոցով կազմակերպել 100 000 դոլարի հանգանակություն:
The Globe-ը մի սյունակ հատկացրեց այդ քարոզչության համար և պարբերաբար զեկուցեց արված հանգանակությունների մասին: Չորս շաբաթվա ընթացքում հանգանակությունների և նվիրատվությունների արդյունքում հավաքվեց 250 000 դոլար:
The Globe-ի օրինակին հետևեցին նաև այլ թերթեր Կանադայի ողջ տարածում: Շատ դեպքերում գումարն անմիջապես ուղարկվում էր Մերձավոր Արևելքում հայ գաղթականներին խնամող միսիոներ բժիշկներին՝ Ուիլյամ Չեմբերսին (Կիլիկիա), Ֆրեդերիկ Մակքալըմին (Կոստանդնուպոլիս), Ջեյմս Մակնոութընին (Զմյուռնիա) և Ալեքս Մակլաքլընին (Զմյուռնիա): Վերջիններիս զեկույցները գումարը տնօրինելու վերաբերյալ պարբերաբար տպագրվում էին կանադական թերթերում: Կանադայի հասարակության նվիրատվությունների շնորհիվ 1920 թ. հուլիսի 1-ին՝ Կանադայի օրը, Կոստանդնուպոլսում բացվեց Կանադական հիվանդանոցը: Այն կառուցվել էր ցեղասպանությունը վերապրած և տուբերկուլոզով ու այլ հիվանդություններով տառապող հայ որբերի համար: Շինությունը կանգուն է նաև մեր օրերում և գործում է որպես հիվանդանոց:
Առաջին աշխարհամարտի տարիներին և դրա ավարտից հետո բազմաթիվ կանադացի միսիոներներ, բժիշկներ ու բուժքույրեր, թերթերից ծանոթանալով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, անդամագրվելով ամերիկյան Կարմիր խաչին կամ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կազմակերպությանը, կամավոր մեկնեցին տարածաշրջան: Նրանց թվում էր միսիոներուհի
Սառա Քորնինգը, ով 1914 թ. անդամագրվեց Ամերիկյան կարմիր խաչին` որպես բուժքույր, իսկ 1919 թ., որպես ՄԱՆ-ի անդամ, մեկնեց Մերձավոր Արևելք:
Ջորջթաունի տղաները
1922 թ., երբ թուրքական ազգայնական շարժումը մեծ թափ էր հավաքել, և լուրջ սպառնալիք էր ստեղծվել հայ որբերի անվտանգությանը,
The Globe թերթի տնօրեն Ռ. Ջեֆրին և Կանադայի հայկական նպաստամատույց ընկերակցության գլխավոր քարտուղար Ա. Ջ. Վինինգը Լոնդոնի քաղաքագլխի հիմնադրամի և Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի անունից 1922 թ. նոյեմբերին դիմեց Կանադայի վարչապետ Ուիլիամ Լյոն Մակքենզի Քինգին և ներգաղթյալների հարցերով նախարար Չարլզ Սթյուարթին՝ հայ գաղթականներին ու որբերին Կանադա տեղափոխելու խնդրանքով: Նախկինում մի քանի անգամ նման ծրագրեր ներկայացվել էին կառավարությանը և մերժում ստացել: Երկարատև բանակցություններից հետո վարչապետ Քինգը թույլատրեց իրականացնել այդ ծրագիրը՝ պայմանով, որ Կանադա տեղափոխվելու էին միայն կոտորածները վերապրած որբ երեխաներ: 1922 թ. նոյեմբերին ընկերակցությունը կառավարությանը ներկայացրեց հաջորդ 5 տարիների ընթացքում շուրջ 2000 երեխա Կանադա տեղափոխելու ծրագիր: Նրանց տեղավորելու էին Կանադայի արևելյան, կենտրոնական և արևմտյան շրջաններում, և գտնվելու էին Կանադայի հայկական նպաստամատույցի խնամքի ներքո մինչև 18 տարին բոլորելը: Մինչև Կանադա հասնելը բժշկական զննություն անցնելը և 15 տարեկան երեխաների տառաճանաչ լինելը տեղափոխության պարտադիր պայմաններն էին: Ութից տասներկու տարեկան հայ որբերի 46 հոգուց բաղկացած առաջին խումբը Լոնդոնի քաղաքգլխի հիմնադրամի հովանու տակ գտնվող Քորֆուի որբանոցից Քվեբեկ ժամանեց ուղիղ 95 տարի առաջ՝ 1923 թ. հունիսի 29-ին, որտեղից էլ հուլիսի 1-ին՝ Ջորջթաուն: Հաջորդ վեց շաբաթվա ընթացքում նրանց միացան ևս 4 տղա: Հաջորդ խումբը՝ 40 տղաներից կազմված ևս մեկ խումբ Քորֆուի որբանոցից Ջորջթաուն եկավ 1924-ին, իսկ 1926-ին՝ 8 երեխա:
1924 թ. կանադայի հայկական նպաստամատույց ընկերակցության գլխավոր քարտուղար Ա. Ջ. Վինինգին փոխարինեց Պատվելի Իռա Փիրսը, ով, երկար տարիներ ապրելով և աշխատելով Օսմանյան կայսրության հայերի շրջանում, դարձել ցեղասպանության ականատես:
Կանադա տեղափոխված երեխաների 109 հոգուց բաղկացած մի խմբի նպաստամատույց ընկերակցությունը տեղավորեց Ջորջթաունում (Օնտարիո) գտնվող ագարակում, որտեղ նրանց կրթեցին և դաստիարակեցին որպես Կանադայի լիիրավ քաղաքացիներ: Հետագայում այդ երեխաները հայտնի դարձան Ջորջթաունի տղաներ անվանումով: Կառավարությունը տղաներին խնամելու համար նպաստամատույց ընկերակցությունը տրամադրեց 25 000 դոլար:
1923 թ. ագարակի ղեկավարությունը փորձ արեց անվանափոխել տղաներին՝ պատճառաբանելով, որ տղաներից ոմանց անունները դժվար էին արտասանվում: Նախաձեռնությունը մեծ դժգոհություն առաջացրեց հայ որբերի շրջանում և հետագա ընթացք չստացավ, իսկ խնդրին լուծում տալու համար տղաներին համարակալեցին 1-109 թվերով: Ագարակում, որպես ուսուցչուհի աշխատանքի էր անցել Ա. Լ. Ալեքսանյանը, ում ջանքերով 1926 թ. լույս տեսավ Արարատ ամսաթերթը: Այն 14 թերթից բաղկացած ամսաթերթ էր, որտեղ տպագրվում էին ագարակի տղաների հոդվածները և հայերենից անգլերեն թագմանված պատմություններ: Օրիորդ Ալեքսանյանի այդ նախաձեռնությունը մեծ նշանակություն ունեցավ տղաների ինքնության պահպանման և մայրենի լեզվի համար, քանի որ ագարակում շփման լեզուն անգլերենն էր: Ամսագրի տպագրությանն աջակցում էր Տորոնտոյում բնակվող գորգավաճառ Լևոն Բաբայանը, ով հայերեն տառերով տպագրամեքենա նվիրեց տղաներին: Արարատն ունեցավ ընդամենը 15 համար: 1927 թ. Ա. Լ. Ալեքսանյանը շարունակեց ամսագրի թողարկումը միայն հայերեն լեզվով: Առաջին տղաները ագարակը լքեցին 1925 թ.: Կանադայի կառավարության ներգաղթյալների վարչության պահանջով 1925 թ. տղաները, որոնք բավականաչափ հասուն էին ինքնուրույն կյանք սկսելու համար, Ջորջթաունից ուղարկվեցին հարավային Օնտարիոյի այլ ագարակներ: Նրանց մի մասին տեղավորեցին կանադական ընտանիքներում: 1927 թ. ագարակում մնացել էր ընդամենը 20 տղա: Ջորջթաունից դուրս գալուց հետո շատ տղաներ որոշեցին շարունակել իրենց կրթությունը և տեղափոխվեցին Տորոնտո ու այլ քաղաքներ:
1925 թ. ագարակը գնեց և 1928 թվականից տղաների խնամքն իր վրա վերցրեց Կանադայի միացյալ եկեղեցին: 1929 թ. ագարակը վերանվանվեց
Cedarvale դպրոց աղջիկների համար։ Ներկայումս այն նույնանուն այգու մաս է կազմում։ 2010 թվականի հունիսի 26-ին այգում տեղադրվել է հուշատախտակ
(Ontario Provincial Plaque)՝ ի հիշատակ այդտեղ ապրած հայ տղաների։ Կանադական նպաստամատույց ընկերակցությունը հայ որբերին Կանադա տեղափոխելու փորձեր ձեռնարկեց նաև հաջորդ տարիներին: Մինչև 1927 թ. նպաստամատույց ընկերակցության ջանքերով Կանադա տեղափոխվեցին 40 կանայք ու աղջիկներ՝ որպես տնայնագործ բանվորներ աշխատելու համար, և տղաների 14 հոգանոց մեկ այլ խումբ ագարակներում աշխատելու համար:
Կանադայի հայկական նպաստամատույց ընկերակցությունը շարունակեց իր գործունեությունը մինչև 1930 թ: 1916-1930 թթ. ընթացքում կազմակերպության ջանքերով հավաքվեց ավելի քան 1 000 000 դոլար, որը հատկացվեց ցեղասպանությունը վերապրած հայ գաղթականների ու որբերի կենսապահովմանը: Դեռևս 1880 թ. Կանադայում սկսված հայանպաստ շարժումն ունեցավ աննախադեպ հանրային ընդգրկունություն: 19-րդ դարի երկրորդ կեսից Մերձավոր Արևելքում գործունեություն ծավալած կանադացի միսիոներները մեծ դեր կատարեցին իրենց ժողովրդի սրտերում հայերի կերպարը կերտելու գործում: Մարդասիրական առաքելության աշխատակիցները իրենց գործունեության համար մեծապես հիմնվում էին հանրային կապերի վրա` օգտագործելով լոբբինգի, հրապարակայնության և լրատվամիջոցների լուսաբանման մեխանիզմները:
Նյութը պատրաստեց ՀՑԹԻ գիտաշխատող Լուսինե Աբրահամյանը
«Սովն Արևելյան Թուրքիայում», The Globe, 12 հուլիսի 1880 թ., էջ 5
Ագնես Մոլ Մաշաղ (1837-1927)
The Sword of Islam or Sufering Armenia: Annals of Turkish Power and the Eastern Question, Ջ. Քազել Հոփքինզ, Տորոնտո, 1896 թ.
Կանադացի միսիոներ Ջ. Մարտինսի հալածանքների ու կալանավորման մասին հոդվածը The Globe թերթի 1920 թ. նոյեմբերի 20-ի համարում:
«Սպանվեցին կես միլիոն. թուրքերը սպանում են 500 000 հայ», The Toronto Daily star, 7 դեկտեմբերի 1895 թ., էջ 2
Կանադացի ծաղրանկարիչ Ջ. Բենգաֆի ծաղրանկարներից՝ տպագրված The Globe թերթում 1897 թ. փետրվարի 25-ին
Ավրորա Մարդիգանյանի պատմությունը The Winnipeg Evening Tribune թերթում, 7 դեկտեմբերի 1918 թ.
Ավրորա Մարդիգանյանի պատմությունը The Winnipeg Evening Tribune թերթում, 7 դեկտեմբերի 1918 թ.
Վինիպեգ քաղաքում «Հոգիների աճուրդ» ֆիլմի ցուցադրման ազդագրեր, The Winnipeg Evening Tribune, հոկտեմբերի 1919 թ.
«Կանչը Հայաստանից», The Globe, 9 հունվարի 1920 թ.: The Globe «Կանչը Հայաստանից» քարոզարշավի շնորհիվ մի քանի ամսում հայ որբերի ու գաղթականների կենսապահովման համար հավաքվեց 300 000 դոլար:
Ջորջթաունի տղաները, 1925 թ.
«Ջորջթաունի տղաների» կյանքը ներկայացնող հոդված Toronto Daily star թերթի 1924 թ. դեկտեմբերի 24-ի համարում
Ջորջթաուն տեղափոխված հայ տղաների առաջին խումբը, 1924 թ.
Ֆրեդերիկ Վ. Մակքալըմ (1863-1945)
Ֆ. Մակքալըմը Օսմանյան կայսրություն էր տեղափոխվել 1890 թ:
Ամերիկացի միսիոներների հետ նա գործունեություն էր ծավալել Էրզրումում, Մարաշում, Կոստանդնուպոլսում, ապա տեղափոխվել Թիֆլիս, իսկ հետո` Վան:
1919-1920 թթ. Ֆ. Մակքալըմը Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կազմակերպության գանձապետը:
Առաջին աշխարհամարտի ավարտից հետո նա շարունակել է իր միսիոներական գործունեությունը և 1929-1937 թթ. թուրքերեն է թարգմանել Աստվածաշունչը:
Մակքալըմի ու նրա կնոջ` Հենրիետայի զեկույցները հայերի կոտորածների մանրամասներով հաճախ էին տպագրվում կանադական մամուլում:
Մակքալըմ ամուսինների ջանքերով փրկվեցին հարյուրավոր որբերի կյանքեր:
Հայ որբուհի Շուշանիկի պատմությունը և Կանադայի հայկական նպաստամատույց ընկերակցության՝ հայերին օգնելու կոչը The Globe թերթի 1917 թ. դեկտեմբերի 8-ի համարում
Կանադայի հայկական նպաստամատույց ընկերակցության՝ հայերին օգնելու կոչը The Globe թերթի 1918 թ. մայիսի 11-ի համարում
Օգտագործված գրականության ցանկ
1. Adjemian Aram, “The Call From Armenia: Canada’s Response to the Armenian Genocide,” Corridor Books 2015
2. Aprahamian Jack, “The Georgetown Boys,”edited by Lorne Shirinian, The Zoryan Institute 2009
3. The Armenian Genocide in the Candian Press, 1915-1916, vol. 1, Montreal 1985
4. The Armenian Genocide in the Candian Press, 1916-1923, vol. 2, Canada
5. Ohanian Daniel, “Sympathy and Exclusion: The Migration of Child and Women Survivors of the Armenian Genocide from the Eastern Mediterranean to Canada, 1923-1930,” Genocide Studies International, fall 2017
6. Ohanian Daniel, “Canadians in the Ottoman Empire through 1923,” University of California, Los Angeles, https://www.academia.edu/35591872/