13.10.2018
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանի, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի, Կանադայում հայկական համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Կանադայի վարչապետը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:
Կանադայի վարչապետն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտեց ցուցանմուշները: Շրջայցից հետո վարչապետ Թրյուդոն գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում, որտեղ մասնավորապես ասված է.
«Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին և հանդիսավոր երդվում ենք՝ չթողնել, որ պատմությունը կրկնվի»:
ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Կանադայի վարչապետին հանձնեց բարձրաստիճան հյուրերին տրվող ոսկե մեդալ և իր հեղինակած
«Հայ ինքնության պատկերագրությունը. ցեղասպանության հիշողությունը և Ղարաբաղյան շարժումը», ինչպես նաև Հայկ Դեմոյանի
«Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքերը:
Կանադայից ժամանած հյուրերը շրջեցին նաև Հիշողության պուրակում, որտեղ վարչապետ Թրյուդոն տնկեց արծաթափայլ եղևնի:
Հիշեցնենք, որ 1996թ. Կանադան Ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել, 2002թ. հունիսի 13-ին Կանադայի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և դատապարտել պատմական ճշմարտությունը ժխտելու կամ աղավաղելու ցանկացած փորձ, որ կուղղվի այն կոչելու ցանկացած այլ բառով քան ցեղասպանություն: Ապրիլի 24-ը Կանադայում հայտարարվել է 1.5 միլիոն հայերի՝ XX դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակի օր, իսկ 2004 թ. Կանադայի Համայնքների պալատը ճանաչել է Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործած Հայոց ցեղասպանությունը:
Կանադայի, Կանադայի ժողովրդի արձագանքի մասին Հայոց ցեղասպանությանը կարող եք ծանոթանալ այս հղմամբ: