09.10.2018
Հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի կունենա ցուցադրության բացում:
ՀՑԹԻ-ն Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպել է ժամանակավոր ցուցադրություն՝ ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարներով, որոնք ներկայացնում են 1930-40-ականների փարիզյան իրականությունը, ֆրանսահայ համայնքի, Փարիզի ազատագրման եզակի դրվագները: Ցուցադրվելու են նաև լուսանկարի ֆոտոխցիկները: Պոլսի որբանոցներից մինչև Ֆրանսիայի մայրաքաղաք, խոստումնալից մարզիկից մինչև ճանաչված լուսանկարիչ: Սա է Հայոց ցեղասպանությունը վերապրածի կյանքի ոդիսականը, կյանք, որտեղ կարող են արտացոլվել նմանօրինակ շատ ճակատագրեր:
Գրիգոր Ճօլօլեանն այն հայորդիներից էր, որոնք վերապրելով Հայոց ցեղասպանությունը, վերջնականորեն հանգրվանեցին Ֆրանսիայում՝ դառնալով ֆրանսիական մեծ ընտանիքի անդամը և, որպես օրինակելի ու ստեղծագործող քաղաքացի, իրենց ձեռագիրը թողեցին Ֆրանսիայի պատմության մեջ: Երբեմնի հաջողակ մարզիկը դարձավ լուսանկարիչ շարունակելով մարզական լուսանկարչության ավանդույթները:
Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովը եզակի առիթ է ընձեռում հիշատակելու և ֆրանկոֆոն ընտանիքին ներկայացնելու հայ-ֆրանսիական պատմության ու հիշողության այս բացառիկ դրվագները: Ցուցադրության մեջ ներկայացվելու են նաև ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի եզակի լուսանկարները:
Լուսանկարները տրամադրել է լուսանկարչի որդին՝ ՀՑԹԻ բարեկամ Պատրիս Ճօլօլեանը: