09.10.2018
Հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի կունենա ցուցադրության բացում:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովի կապակցությամբ, կազմակերպել է ժամանակավոր ցուցադրություն, որտեղ ներկայացված են Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցներին ֆրանսիական նավատորմի կողմից տարհանելու նորահայտ լուսանկարներ:
Բացառիկ ու մեծ արժեք ներկայացնող այս լուսանկարների ապակե նեգատիվները Հայոց ցեղասպանութան թանգարանին է հանձնել ֆրանսիական նավատորմի «Գիշեն» հածանավի վրա ծառայություն իրականացրած ռազմածովային նավատորմի լեյտենանտ Լյուսիեն Բոժեի թոռնուհին` Ան Սուպան: 1915 թ. սեպտեմբերին Լյուսիեն Բոժեն դառնում է ոչ միայն փրկարար գործողությունների մասնակից, այլ նաև իր լուսանկարչական խցիկով վավերագրում է մարդկության և հումանիտար պատմության մեջ արձանագրված այս եզակի դրվագը:
Մուսա լեռան վրա ապաստանած և բացառիկ տոկունությամբ ապրելու կամք դրսևորած հայերի փրկելու առաքելությունն իրականացրած ֆրանսիացի զինվորականների մարդասիրական քայլը երկու ժողովուրդների ընդհանուր պատմության ու հիշողության բացառիկ մի էջ է. ավելի քան 4000 փրկվածներից շատերը վերաբնակվեցին Հայաստանում, Լիբանանում, Կանադայում, Ֆրանսիայում և այլուր՝ դառնալով պատվախնդիր քաղաքացիներ՝ վառ պահելով իրենց նախնիների հիշատակն ու պատգամը: