ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԱՐՔԱՅԱԶՆԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Հոկտեմբերի 29-ին Ռումինիայի արքայազն Ռադուի գլխավորած պատվիրակությունը ՀՀ-ում Ռումինիայի Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կորնել Իոնեսկուի ու Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:
Հյուրերին դիմավորեց և Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը ներկայացրեց ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
Ռումինիայի արքայազնը ծաղկեպսակ դրեց հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Ծաղիկներ դնելուց և հարգանքի տուրք մատուցելուց հետո պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, Հակոց ցեղասպանության պատմության մանրամասներին:
Այցի ավարտին Ռումինիայի արքայազն Ռադուն գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Ռումինիայից ժամանած պատվիրակությունը շրջայց կատարեց նաև Հիշողության պուրակում:
ՀՑԹԻ արտաքին կապերի և լրատվության բաժին