13.10.2018
Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Վանուատուի Հանրապետության վարչապետ Շարլո Սալվաին ՀՀ Սփյուռքի փոխնախարար Արամայիս Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Վանուատուից ժամանած հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Վանուատուի վարչապետը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:
Վանուատուի վարչապետի գլխավորությամբ հյուրերը շրջեցին նաև Հուշապատի տարածքում, ծանոթացան նրա նշանակության և կարևորության հետ:
Հյուրերը եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, այցի ավարտին վարչապետ Սալվաին գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
«Հայոց ցեղասպանության անհետացածների հիշատակին… ես իմ խորին տխրությունն եմ արտահայտում հայ ազգի զավակներին: Թող Աստված օրհնի Հայաստանը»,- գրել է Վանուատուի վարչապետը:
ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Վանուատուի վարչապետին հանձնեց «Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալ և «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գիրքը: