«ԳԱՂԹԱԿԱՆԱԿԱՆ ԱԼԲՈՄ»-Ի ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԸ
Գաղթականական ալբոմ
2017 թ. լրանում է «Գաղթականական ալբոմ»-ի տպագրության 100-ամյակը, որը վստահ կարելի է համարել Հայոց ցեղասպանության պատմության կարևորագույն և սկզբնաղբյուրային նշանակություն ունեցող վկայություններից մեկը: Ալբոմը բաղկացած է 62 լուսանկարից, որոնցից մեծ մասի վրա տարբեր կողմերից նշված են Согом. Сютч. հապավումը: Լուսանկարներն ամենայն հավանականությամբ արվել են մի մարդու կողմից, ով գտնվել է Կովկասյան ճակատի ռուսական զորքերի կազմում կամ եղել է Թիֆլիսի Հայկական կենտրոնական կոմիտեի աշխատակից (ՀԿԿ) և տեղաշարժվելով ռուսների հետ դեպի Օսմանյան Կայսրություն՝ ճանապարհին լուսանկարել է այն ամենն, ինչ տեսնում էր:
Ռուսական զորքը, որի կազմում եղել է շուրջ 9 հազար հայ կամավորներ, 1914 թ. վերջին անցնում է թուրքական սահմանը և սկսեցին գրավելով Օսմանյան կայսրության արևելյան մասը՝ Էրզրում, Երզնկան, Մուշը, Բիթլիսը, Տրապիզոնը, Վանը և այլ տարածքներ: Ռուսական զորքը գրավեց գրեթե ամբողջ Արևմտյան Հայաստանը, որն արդեն դատարկ էր և ավերված: Թուրքերի կազմակերպած ջարդերին ականատես են եղել Թիֆլիսի ՀԿԿ որոշ անդամներ, որոնք բազմաթիվ լուսանկարներ են արել՝ դիակներ փողոցներում, ավերված տներ, թալանած ունեցվածք, ՀԿԿ-ի սննդային կետեր, որբանոցներ, պահեստներ, կոշկակարության, ոսկերչական և կարի արհեստանոցներ: Այս բոլոր լուսանկարները հավաքվել են «Գաղթականական ալբոմ»-ի մեջ և տպագրվել են 1917 թ. ՀՀԿ-ի կողմից «Պրոգրես» տպարանում:
Լուսանկարներն ալբոմի մեջ ժամանակագրական կարգով չեն տեղադրված: Առաջին նկարը՝ Թիֆլիսում Կովկասի հայկական բարեգործական միության շենքն է (ԿՀԲՄ): 1881 թ. իր գործունեությունը սկսած միության նպատակն էր 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո աջակցել հայ գաղթականներին: Հետագայում՝ Առաջին աշխարհամարտի տարիներին, ԿՀԲՄ-ի գործունեությունն ընդլայնեց, ստեղծվեցին կոմիտեներ, որոնք 1914-1918 թթ. աջակցեցին ռուսական բանակին: Կոմիտեները գրանցում էին հայ կամավորականներին, նյութական օգնություն էին տրամադրում վիրավոր զինվորներին և զոհված հայերի ընտանիքներին:
1914 թ. սեպտեմբերի 14-ին ԿՀԲՄ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Կովկասի հայկական բարեգործական միության 72 բաժանմունքների բոլոր ներկայացուցիչների համագումարը, որի ժամանակ ընտրվեց Հայկական կենտրոնական կոմիտեն՝ ՀԿԿ-ն՝ կազմված 24 անդամներից, որոնցից 12-ը Թիֆլիսում և 12-ը Բաքվում: Ներքին գործերի նախարարության առանձին նիստում ՀՀԿ-ի ներկայացուցիչն էր Պետական դումայի անդամ Մ. Աճեմյանը: Պատվավոր նախագահ էր ընտրվել Մեսրոպ եպիսկոպոսը, իսկ նախագահ՝ ճանաչված իրավաբան, հասարակական և կուսակցական գործիչ Սամսոն Հարությունյանը, ով եղել է նաև Հայկական ժողովրդական կուսակցության հիմնադիրը: ՀՀԿ-ն ստեղծվել էր ԿՀԲՄ-ի բաժանմունքների գործունեությունը կարգավորելու համար, ուստի որոշվեց օգտվել այդ բաժանմունքների ծառայություններից: ԿՀԲՄ-ն և ՀԿԿ-ն միացել էին պատերազմի ժամանակ տուժած ընտանիքներին օգնություն տրամադրելու նպատակով, բայց, երբ Կովկասյան ճակատում սկսվեցին ռազմական գործողությունները, ողջ ուժերն ու միջոցները ուղղվեցին գաղթականների օգնությանը: ԿՀԲՄ-ի և ՀԿԿ-ի նախաձեռնությամբ սկսեցին կառուցել հիվանդանոցներ, կազմակերպել հանգանակություններ և այլն: «Армянский вестник» թերթի համարներից մեկում հրապարակված տեղեկության համաձայն, պարզ է դառնում, որ կոմիտեի նախագահ Ս.Ս. Հարությունյանը 1916 թ. ապրիլի 14-ին հրավիրել է արտակարգ նիստ, անգլիացի և ամերիկացի բժիշկներին ներկայացրել է հայերի ծանր վիճակը և օգնություն է խնդրել: Նիստի ժամանակ հաստատվել է վիրավոր հայերի համար երկու հիվանդանոցի կառուցման ծրագիրը, իսկ բժիշկները համաձանել են տրամադրել իրենց օգնությունը:
Հայ որբերի համար ՀԿԿ-ն ստեղծել է որբանոցներ: Ըստ որբանոցների տեսուչ Գուրգեն Էդիլյանի կոմիտեի խնամակալության տակ գտնվում էին 16 որբանոց Դիլիջանում, Թիֆլիսում և Ալեքսանդրապոլում (Գյումրի): ԿՀԲՄ-ն ունեցել է 28 որբանոց, որոնք նույնպես որոշ հարցերում ենթարկվում էին ՀԿԿ-ին: «Գաղթականական ալբոմ»-ը պարունակում է լուսանկարներ նաև այդ որբանոցներից:
Ամեն մի նկարը ընտանիքի, ազգի մի ամբողջ պատմություն է: Ալբոմի լուսանկարներից մեկի բնօրինակը պահվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերում: Լուսանկարի վրա պատկերված են ռուս զինվորները, որոնք ժամանել էին Մուշի հովիտ և տեսել հայերի դիակները, Согом. Сютч. նշված չեին: Այդ փաստի հետ կապված կարելի է ենթադրել, որ սկզբնատառերն արվել էին նեգատիվների վրա, ուրեմն Согом. Сютч.-ը, ամենայն հավանականությամբ, այն մարդն է, ով երևակել է լուսանկարները:
Հաղթանակից հետո ռուսական զորքերը շարժվեցին դեպի Արևելյան Հայաստան, իրենց հետ տեղափոխելով հազարավոր հայ գաղթականներ: Դիակների, անօթևան և հիվանդ հայերի լուսանկարներից հետո սկսեցին նկարել կյանքը Արևելյան Հայաստանում և Թիֆլիսում, որտեղ շատերը ապաստան էին գտել:
Գթության քույր Քրիստինա Սեմինան, ով ամուսնու՝ Իվան Սեմյոնովիչ Սեմինի հետևից գնացել էր Վան, իր «Ռուսական բանակի ողբերգությունը» հուշագրությունում փոխանցում է ամուսնու խոսքերը. «Երբ մեր փոխադրամիջոցը հասավ այստեղ, բոլոր տներում հայերի դիակներ էին... Թուրքերը դաժանաբար էին վարվել նրանց հետ: Բոլորին կոտորել էին՝ կանանց և երեխաներին, ծերերին և ջահելներին... Ոչ ոք չփրկվեց... Նույնիսկ նրանք, ովքեր կարողացան փախչել քաղաքից, գրեթե բոլորը մահացան: Ոմանց բռնեցին և սպանեցին: Ոմանք մահացել էին սովի և հիվանդության պատճառով... Ոմանք նույնիսկ հիմա թաքնվում են քարանձավներում և անտառներում ... Նրանց թվում կան բազմաթիվ վայրի երեխաներ, որոնց ծնողները սպանվել էին: Իմ սպասավորներն այս օրերի ընթացքում տեսել էին նրանցից մեկին, երբ տրանսպորտը գնացել էր վիրավորների հետևից: Նրանք փորձում էին բռնել, բայց չկարողացան: Նա ամբողջովին մերկ էր, և հենց որ մարդկանց նկատեց, գազանի պես ինչ-որ տեղ թաքնվեց, ինչքան էլ փնտրեցին՝ չկարողացան նրան գտնել: Դոկտոր Վասչենկոի հետ անցանք տներով ... Այնպիսի բաներ տեսանք, որ այն ամենն, ինչ տեսել էինք մինչև այսօր պարզապես մանկական կատակ էր: Հայերը այստեղ հարուստ էին, և թուրքերը ոչ միայն սպանել էին, այլ նաև թալանել մահացածներին: Բոլոր տները թալանվել էին: Կողոպտիչները շատ բան չէին կարող տանել, միայն փող և թանկարժեք իրեր... Իսկ այն ամենը, ինչը հնարավոր չէր տանել, փորձում էին կոտրել, ոչնչացնել»: Դոկտոր Սեմինը չէր թաքցում այն փաստը, որ անգամ ռուսական զինվորները, տեսնելով լքված գույքը, գայթակղվելով տիրանում էին, բայց երբ հոգնում էին քարշ տալուց, նետում էին դրանք ճանապարհին:
Փախստականների պայմանների պահպանմանն ուղղված ՀԿԿ-ի կարևոր ներդրումն էր նաև «Գաղթականական ալբոմ»-ի հրատարակումը, որի միջոցով հանրությունը տեղեկացվեց հայերի ծանր վիճակի մասին, ինչը նպաստեց նվիրատվությունների ծավալն մեծացնելու համար:
Այսպիսով, «Գաղթականական ալբոմ»-ի հրատարակելու նպատակն էր հանրությանը ներկայացնել ՀՀԿ-ի կողմից հայերին ցուցաբերվող օգնության մեծամասշտաբ լինելու փաստը հայ գաղթականները դուրս էին բերվել թշվառ վիճակից, նրանց տրամադրվել էր աշխատանքի և կրթություն ստանալու պայմաններ: Ալբոմն ավարտվում է Թիֆլիսում հայերի «Մի բաժակ թեյ» լուսանկարով:
Լուսինե Թունյան, ՀՑԹԻ գիտաշխատող
Օգտագործված գրականության ցանկ`
1. «Գաղթականական ալբոմ», 1917, հրտ. «Պրոգրես»
2. «Էջմիածին» ամսագիր, հունիս-հուլիս, 1994 թ.
3. Քրիստինա Սեմինա «Ռուսական բանակի ողբերգությունը»
4. «Армянский вестник» թերթը, № 14, 1916
5. «Գաղթականական որբանոցներ», Թիֆլիս, Հայաստանի կենտրոնական կոմիտե, հրտ. «Էպոխա», Մուզեյսկի պեր., № 8, 1917
6. Ալեքսանդր Խատիսյան «Քաղաքապետի մը յիշատակները», Համազգայինի Վահե Սեթեյանի տպարան, Պէյրութ, 1991
Здание Кавказского армянского благотворительного общества в Тифлисе
Черепы заживо сожженных армян в сел. Али-Зрнан
Выброшенные на берег под Битлисским мостом трупы зверски убитых армян
Скелеты и трупы убитых армян в сел. Али-Зрнан Муша
Скелеты и черепы зверски убитых армян Трапезунда
Труп армянского рабочего, убитого турками на дороге около Муша
Убитый армянин-рабочий в Битлисе
Сбор затерявшихся сирот во время Ванского отступления
Сироты Игдирского временного приюта
Продовольственный склад в Елизаветполе
Ювелирная мастерская беженцев в Тифлисе
Ткацкая мастерская беженцев в Тифлисе
Чашка чая в Тифлисе