03.05.2016
Մայիսի 3-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանության մասին իրազեկման և Ցեղասպանության ճանաչման գործում ներդրած ավանդի համար ՀՀ ԱԺ Պատվո մեդալ է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին: ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը պարգևատրվել է ԱԺ նախագահի հուշամեդալով:
Էդուարդ Շարմազանովը պարգևներ է հանձնել նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մի շարք աշխատակիցների:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով, թանգարանի էքսկուրսավարներ Աստղիկ Եդիգարյանը, Հայկուհի Գևորգյանը, Անժելա Թեվեքելյանը, թանգարանի ցուցանմուշների պահապաններ Արփինե Ալեքսանյանը, Վարդուհի Շողերյանը, Հայոց ցեղասպանության թանգարանային կառույցի սպասարկման բաժնի վարիչ Թումաս Թումասյանը պարգևատրվել են ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրերով:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հանձնելով պարգևները եւ շնորհավորելով պարգևատրվածներին, շնորհակալություն է հայտնել ՀՑԹԻ տնօրենին և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բոլոր աշխատակիցներին՝ մեծածավալ եւ հայրենանվեր աշխատանքի համար: ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ թանգարանի աշխատակիցների պրոֆեսիոնալ ու հետևողական աշխատանքի շնորհիվ է, որ աշխարհի տարբեր անկյուններից եկած թանգարանի այցելուներին հասանելի և հասկանալի է դառնում մեկ դար առաջ հայերի հետ կատարված ողբերգությունը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը շնորհակալություն է հայտնել պարգեւների համար՝ նշելով, որ դրանք պարտավորեցնում են հետագայում ավելի լավ աշխատել:
Այնուհետև, թանգարանի անունից Հայկ Դեմոյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ թանգարանի կազմակերպած միջոցառումներին աջակցելու համար ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հանձնել է «Ջեյմս Բրայս» ոսկե հուշամեդալ: