Մայիսի 19-ին՝ Պոնտոսի հույների ցեղասպանության տարելիցին, Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսը, պետական և հասարակական գործիչներ, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանն ու ՀՑԹԻ աշխատակիցներ, Հայաստանի հունական համայնքի անդամներ հարգանքի տուրք մատուցեցին հույների ցեղասպանության զոհերի հիշատակին։
Հայաստանի հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարևան հանդես եկավ հիշատակի ու զոհերի ոգեկոչման խոսքով։ Հաջորդեցին դեսպանի, համայնքի ներկայացուցիչների ելույթները։
Ծաղկեպսակների զետեղման արարողությանը հաջորդեց «Lethal Nationalism: Genocide of the Greeks» («Մահացու ազգայնականություն. հույների ցեղասպանությունը») վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։
Հիշատակի արարողություններն ամփոփվեցին Հունաստանի ազգային ազատագրական պայքարի 200-ամյակին և Պոնտոսի հույների ցեղասպանության տարելիցին նվիրված սեմինար-քննարկմամբ: Բանախոսությամբ հանդես եկան ՀՑԹԻ համեմատական ցեղասպանագիտության բաժին վարիչ Սուրեն Մանուկյանը, ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման եւ տվյալների հավաքագրման բաժնի վարիչ Շուշան Խաչատրյանը և ՀՑԹԻ թանգարանային ցուցադրությունների կազմակերպման բաժնի ավագ գիտական աշխատող Թեհմինե Մարտոյանը: