18.05.2016
Մայիսի 18-ին Ռիգայի գետտոյի և Հոլոքոստի թանգարանի տարածքում բացվել է մշտական հիմունքներով գործող թանգարանային ցուցադրություն՝ Հայոց ցեղասպանության թեմայով: Այս ցուցադրությունն իրականացվել է Ռիգայի գետտոյի, Հանդուրժողականության բալթյան միջազգային կենտրոնի, Լատվիայի հայկական համայնքի և Հայոց ցեղասպանութան թանգարան-ինստիտուտի համատեղ ջանքերով:
Ցուցադրության դիզայներական նախագիծն իրականացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի դիզայներական խմբի կողմից: Այս աշխատանքների իրագործմանն աջակցել է Լատվիայի հայկական համայնքի ներկայացուցիչ, գործարար Մխիթար Մխիթարյանը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ցուցադրության կազմակերպման համար նվիրատվության կարգով տրամադրել է բնօրինակ ցուցանմուշներ:
Ցուցադրության բացմանը ներկա էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, «Շամիր» ընկերության ղեկավար րաբբի Մենախեմ Բարկախանը, Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառմանը ելույթ ունեցան Լատվիայում Իսրայելի դեսպանը և Լյութերական եկեղեցու հովվապետը: ՀՑԹԻ տնօրենը Ռիգայի գետտոյի թանգարանին հանձնեց Ֆրանց Վերֆելի մեդալ, իսկ բարերար Մխիթար Մխիթարյանին Հայկ Դեմոյանը պարգևատրեց Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե հուշամեդալով: