02.06.2016
Ռումտիկին (Րումտիկին) հայաբնակ գյուղը գտնվում էր պատմական Փոքր Հայքի տարածքում, Անգորայի նահանգի Յոզղաթի գավառի Պողազլյան գավառակում, Կեսարիա քաղաքից մոտ 43 կիլոմետր հյուսիս` Հալիս գետի ափին։ Արևելյան Ռումտիկինը զուտ թուրքաբնակ էր (200–300 տուն). հայերն ապրում էին արևմտյան մասում։ Մեծ եղեռնի նախօրյակին Արևմտյան Ռումտիկինն ուներ մոտ 750 տուն (3,000 շունչ) հայ։
Հայերի գլխավոր զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։ Բարեկեցիկ և ունևոր բնակչներն ունեին արտեր, այգիներ, ջրաղացներ, ագարակներ և ոչխարի հոտեր։ Ժողովուրդը տարվա երեք եղանակներին դաշտային գործերով էր զբաղվում, իսկ ձմռանը՝ տարբեր արհեստներով։ Ռումտիկինի հայ արհեստավորները բավարարում էին ոչ միայն սեփական բնակավայրի, այլև` շրջակա թուրքաբնակ գյուղերի կարիքները։
Ռումտիկինի հայկական եկեղեցին կոչվում էր Սուրբ Աստվածածին, կից գործում էր Պարթևյան վարժարանը։
Ռումտիկինցիների խաղաղ կյանքն ընդհատում է Առաջին աշխարհամարտը։ 1915 թվականի ապրիլ–մայիս ամիսներին զենք որոնելու պատրվակով Ռումտիկինում սկիզբ են առնում առաջին ձերբակալությունները։ Բազմաթիվ տղամարդիկ բանտարկվում և ենթարկվում են խոշտանգումների։ Դագանակների հարվածների ձայնը, մարդկանց ճիչերն ու աղաղակը հասնում էին մինչև փողոց։
Այդ ամիսներին թուրքական իշխանությունները հավաքում և Կեսարիայի բանտ են տեղափոխում Ռումտիկինի բազմաթիվ երևելի անձանց, կուսակցական գործիչներին, երիտասարդ տղամարդկանց։ Այնտեղ ձերբակալվածների մեծ մասը հետագայում մահապատժի ենթարկվեցին։
Հունիսի 12-ին Ռումտիկին են լցվում մեծ թվով ոստիկաններ և չեթեներ։ Հայկական թաղամասում մունետիկները հայտարարում են 18-65 տարեկան տղամարդկանց զինվորագրելու մասին։ Հայ զինվորագրվածների հավաքատեղի էր որոշվել եկեղեցու շենքը։ Յուրանքանչյուրին կարգադրված էր վերցնել ուտելիք, դրամ, զգեստ։
Գյուղը դատարկվում է տղամարդկանցից։ Գիշերը թուրք ոստիկանները հավաքված հարյուրավոր տղամարդկանց կապանքների տակ տանում են գյուղից մեկ ժամ հեռավորության վրա գտնվող Ֆըրընդերեսի կոչվող ձորը և բոլորին կոտորում։
Գյուղի հայ երևելիները` Ներսես քահանա Խորասանճյանի գլխավորությամբ, տարվում են շրջկենտրոն` Պողազլյան քաղաք, այնտեղ հարցաքննվելուց հետո տեղափոխվում հարևան գյուղերից մեկի մոտակայքում գտնվող ձորը և սպանվում։
Գյուղի տղամարդկանց և երևելի անձանց բնաջնջելուց հետո հերթը հասնում է կանանց և երեխաներին։ Շրջակա գյուղերի թուրք խուժանն ու ոստիկանները Ռումտիկինի հայ բնակիչներին բռնի դուրս են հանում տներից` տեղահանության պատրվակով։ Գյուղից դուրս սկսվում են երիտասարդ աղջիկների առևանգումները։ Այն թուրքերը, որոնք այս կամ այն հարսի կամ աղջկա վրա նախապես աչք ունեին, առիթն օգտագործում են նրանց բռնի կնության առնելու համար։ Բազմաթիվ պատանիներ և աղջնակներ տարվում են թուրքական տներ որպես ծառա և աղախին։
Մնացածները` հիմնականում ծերեր, կանայք, ու երեխաներ, քշվում են մոտակա Օրոցիկ կոչվող լեռան մոտ գտնվող Օթման անունով ձորը։ Այստեղ սկսվում է նրանց կողոպուտն ու կոտորածը։
Հրաշքով վերապրած մի տղա թողել է սպանդի հետևյալ պատկերավոր նկարագրությունը. «Երբ Օթման ձոր կը հասնին բոլորն ալ սայլերեն կիջեցնեն։ Թուրք խուժանը կազմ ու պատրաստ կը սպասե ինչպես սովալլուկ գայլեր, որ հարձակվին հոտին վրա։ Արդարև, ամեն մեկը իր կացինով, նաճախով, ժանգոտ թուրերով, մուրճով, մանգաղով, գերանդիով կը հնձեն ու կը հնձեն մեր մայրերն ու քույրերը, մեր մատաղատի անմեղ փոքրիկները։ Մայրեր, իրենց թևերով կուզեն պաշտպանել երեխաները, կուզեն, որ միասին մեռնին ու չբաժանվին։ Կը պաղատին, որ միասին մեռցնեն, բայց ո՞վ է լսողը։ Երեխաները իրենց մոր գրկեն խլելով, նախաճի հարվածով երկուքի կը բաժնեն սինիկ կերպով գոչելով` «Այս ինչ աղվոր գառնուկ է եղեր, օղի աղվոր աղանդեր կըլլա»։
...Մայրեր, որոնք դրամ ունեին, կառաջարկեն դրամ, որպեսզի նախ զիրենք սպանեն, ապա իրենց սրտահատորները (երեխաներին), որպեսզի անոնց տանջալի մահը չտեսնեին:
Այս գիշեր մինչև լույս, մայրերու լացն ու կոծը, երեխաներուն տանջալից մահը, կացինի հարվածներեն կիսամեռ ընկողներուն տնքոցը, մինչև երկինք կը բարձրանա։ Կարծեք վերջին դատաստանի օրը եղած ըլլար, լեռ ու ձոր լացի ու կոծի արձագանքով էր լցված»։
Սրանով ռումտիկինցիների աղետը չի վերջանում։ Օթման ձորի կոտորածից մի քանի օր անց իշխանությունները նշմարում են, որ գյուղում դեռ հատուկենտ հայեր են մնացել, որոնց հաջողվել էր խուսափել կոտորածից։ Սկսվում է ողջ մնացած հայերի որսը։ Նրանց հավաքում և սպանում են գյուղից քիչ հեռու գտնվող մի վայրում։
Ռումտիկինի հայ բնակչությունից ողջ են մնում միայն մի քանի տասնյակ երիտասարդ աղջիկներ ու պատանիներ: Նրանք բռնի կրոնափոխության են ենթարկվում և ստանում նոր անուններ` Ջելալ, Ջեմալ, Այշե, Զեյնաբ և այլն։
Ռումտիկինի հայ բնակչությունը դադարում է գոյություն ունենալուց։
Հայաստանում և արտերկրում ապրող ռումտիկինցիների նախաձեռնությամբ, ի հիշատակ Եղեռնի ժամանակ զոհված համագյուղացիների, Երևանի Նուբարաշեն թաղամաս տանող ճանապարհին 1975 թվականին կանգնեցվել է «Լուսաղբյուր» հուշարձանը։
Ակնարկի պատրաստման համար օգտագործվել է Հայկազուն Հ. Յափուճյանի «Հիշատակարան Րումտիկինի» (Բեյրութ, 1967) աշխատությունը։
Ռոբերտ Թաթոյան, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի գիտաշխատող