Genocide Museum | The Armenian Genocide Museum-institute
Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Ապրիլի 2-ը Սողոմոն Թեհլիրյանի ծննդյան օրն է

02.04.2016


Սողոմոն Թեհլիրյան-120

«Ինքը՝ Սողոմոն Թեհլիրյանը, միայն խորհրդանիշ է, հյուլե, ում մեջ կենտրոնացված է քամահրված ռասսայի ցավը, և ով հուսահատ ինքնապաշտպանության մեջ իր վրեժն է լուծում»:
Արմին Թեոֆիլ Վեգներ



Սողոմոն Թեհլիրյանը ծնվել է 1896 թ. ապրիլի 2- ին Երզնկա գավառի Ներքին Բագառիճ գյուղում: Խաչատուր և Հնազանդ Թեհլիրյանների ընտանիքում նա չորս եղբայրներից ամենակրտսերն էր: 1898-99 թթ. Թեհլիրյանների բարեկեցիկ ընտանիքը Բագառիճից տեղափոխվում է Երզնկա հայաշատ քաղաքը: Սողոմոնն ուսանում է տեղի բողոքական (1905-06), ապա` Կեդրոնական վարժարանում (1907-1911): 18-ամյա Սողոմոնը 1914 թվականին տեղափոխվում է Սերբիա, որտեղ աշխատում էին հայրն ու հորեղբայրը: Թեհլիրյանի նպատակը Գերմանիայում բարձրագույն կրթություն ստանալն էր: Նա սերբական Վալևո քաղաք է հասնում այն օրը, երբ Սարաևոյում ուսանող Գաբրիել Պրինցիպը սպանել էր Ավստո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդին, ինչը Առաջին Աշխարհամարտը սկսելու առիթը դարձավ:
Եվրոպայի և Ամերիկայի հայության շրջանում սկսվում է անդամագրությունը հայ կամավորական ջոկատներին: Բալկաններում ապրող մի խումբ հայ երիտասարդների հետ Սողոմոնը 1915 թ. սկզբին գալիս է Թիֆլիս, որտեղ անդամագրվում է զորավար Անդրանիկի հայ կամավորական 1-ին ջոկատին: Նա մասնակցում է Սեպուհի 250 հոգանոց վաշտի կռիվներին (Դիլմանում հայ կամավորները և նրանց միացած կոզակների 400-հոգանոց ջոկատը ջախջախիչ պարտության են մատնում Խալիլ փաշայի զորքերին):

1915 թ. հունիսին Թեհլիրյանը հայ կամավորների հետ մտնում է Վան և ականատես լինում տեղի հայության բռնագաղթին: Նա հազարավոր հայ գաղթականների հետ հասնում է Իգդիր, այնտեղից էլ՝ Երևան: Իր հուշերում Ս. Թեհլիրյանը գրում է. «Յանկարծական նահանջը անհնար էր դարձրել կանխապատրաստութիւն տեսնել նման բազմութիւն ընդունելու համար: Տեղ չկար, բավարար քանակութեամբ հաց, տաք սնունդ, բժշկական օգնութիւն չկար, այնինչ գաղթականների մեծ մասը հիւանդ էր»:

Գաղթականների մեջ մեծ թվով որբացած երեխաներ կային: Էջմիածնի և Երևանի փողոցներից Սողոմոն Թեհլիրյանը հավաքագրում էր որբացած հիվանդ մանուկների և նրանց տեղավորում որբանոցներում:
Այդ նույն ժամանակ` 1915թ. հուլիսի սկզբին, սկսվեց Երզնկայի հայ բնակչության կոտորածն ու տեղահանությունը: Թեհլիրյանների 85 հոգանոց գերդաստանից փրկվեց միայն նրա ավագ եղբոր` Միսաքի դուստրը՝ Արմենուհին, ում հետագայում հայտնաբերեցին քրդերի մոտ (փրկվեցին նաև Սերբիայում արտագնա աշխատանքի մեկնած Սողոմոնի հայրը՝ Խաչատուրը, եղբայրները՝ Միսաքը, Սեդրակը և հորեղբայրը՝ Օսկիանը):
1916 թ. Սողոմոնը գալիս է Երզնկա, որն այդ ժամանակ գրավված էր ռուսական զորքերի կողմից, այն հավատով, որ կգտնի իր ընտանիքի կորցրած անդամներին: Երբեմնի հայաշատ քաղաքի ավերակների մեջ նա դժվարությամբ է գտնում հայրական տունը: Ավերված և դատարկված տան մեջ Թեհլիրյանը հոգեկան խորը ցնցում է ունենում և ուշագնաց ընկնում: Այս դեպքը հետագայում՝ դատաքննության ժամանակ, նրա մոտ ախտորոշված ընկնավորության (էպիլեպսիա) երկրորդ դրսևորումն էր (առաջին անգամ նա ուշագնաց եղավ 1915 թ. հուլիսին, Երևանում):
Երզնկայում նա իրականացնում է իր ազգի համար կարևոր առաքելություն՝ հայտնաբերել անմարդաբնակ վայրերում՝ քարանձավներում, անտառներում, լքված, ավերակ տներում թաքնված անապաստան ու ծնողազուրկ երեխաների և նրանց հանձնել որբանոցների խնամքին: Իր հուշերում, անդրադառնալով որբահավաք աշխատանքներին, Սողոմոն Թեհլիրյանը գրում է. «Ապրիլին ռուսները գրաւեցին Տրապիզոնը, իսկ յուլիսի կէսերին՝ Երզնկան: Էրզրումի դաշտում ամէն տեղ յայտնւում էին ոսկրացած, վայրենական վիճակի մատնուած մանուկներ, որոնց մեծ մասը իր գոյութիւնն էր պահպանել աւերուած հայ գիւղերի փլատակներում: Ձեռք ընկնողները դողում էին աշնան տերեւի պէս. մեծ ջանք էր պէտք հասկացնելու, որ իրենց այլեւս վտանգ չի սպառնում: Մոռացել էին լեզու, հայութիւն, մարդկութիւն: Խնուսում դրանցից խմբուած էին շուրջ երկու հարիւր հոգի: Ամէն տեղ առաջնակարգ արժէք էր ստացել որբերի գործը. ամեն որբուկ մի նոր աղիւս էր ազգը վերակառուցելու համար»:
Երզնկայում Սողոմոնը միանում է Սեբաստացի Մուրադի ջոկատին և մասնակցում Կովկասյան ճակատի ռազմական գործողություններին: 1918 թ. ապրիլի 6-ին Կարաքուրդի կիրճում` Սարիղամիշի մոտ, Թեհլիրյանը հրազենային վնասվածք է ստանում և ապաքինվելու համար տեղափոխվում Թիֆլիս:

1918 թ. դեկտեմբերին Ս. Թեհլիրյանը ժամանում է Կ. Պոլիս` գտնելու մատնիչ Հարություն Մկրտչյանին, որի կազմած «սև ցուցակի» համաձայն Թալեաթը հրամայեց 1915 թ. ապրիլի 24-ին աքսորել Կ. Պոլսի հայ քաղաքական և մշակութային վերնախավին: 1919 թ. փետրվարին նա հայտնաբերեց և գնդակահարեց հայազգի մատնիչին Կ. Պոլսում:

1919 թ. վերջին Թեհլիրյանը ուղևորվում է ԱՄՆ, որտեղ ծանոթանում է հայտնի քաղաքական գործիչ Արմեն Գարոյի (Գարեգին Փաստրմաջյանի) հետ և նրա կողմից ընդգրկվում «Նեմեսիս» գործողության մեջ: Դեռ 1919 թ. աշնանը Երևանում կայացած ՀՅԴ 9-րդ ժողովում խիստ գաղտնիության պայմաններում որոշվել էր մահապատժի ենթարկել հայերի տեղահանությունն ու կոտորածները կազմակերպած երիտթուրք հանցագործներին, ովքեր, Թուրքիայից փախուստի դիմելով, խուսափել էին թուրքական դատարանից: Ընտրվեց 41 թիրախ. ցուցակում առաջինը Թալեաթն էր: Վերջինս իր հայրենիքում հեռակա կարգով արդեն իսկ դատապարտվել էր մահվան: Վրեժխնդրական գործողության համար ընտրվեց հունական դիցաբանության վրեժի աստվածուհու՝ Նեմեսիսի անունը:
1921թ. մարտի 15-ին Սողոմոն Թեհլիրյանը Բեռլինում գնդակահարեց Թուրքիայի Ներքին գործերի նախկին նախարար Թալեաթին: Վերջինս, փոխելով արտաքինը և անձնական տվյալները, ծպտյալ Գերմանիա էր տեղափոխվել (Բեռլինում Թալեաթն ապրում էր Ալի Սալիհ անունով): Թալեաթին հուղարկավորեցին մահվան միայն 5-րդ օրը, քանի որ թուրքական նոր իշխանություններն արգելեցին նրան թաղել հայրենիքում: Բեռլինում նախկին դաշնակիցները՝ գերմանացիները, կազմակերպեցին Թալեաթի ճոխ հուղարկավորությունը. բազմաթիվ ծաղկեպսակներ, տարբեր երկրներից ժամանած թուրքեր, հակահայկական ելույթներ և կոչեր… 1943 թ. Թալեաթի աճյունը Հիտլերի հրամանով հանդիսավորությամբ տեղափոխվեց Ստամբուլ:
Սողոմոն Թեհլիրյանը հուշերում գրում է. «Դիմացի մայթով հաւասարուեցի նրան, արագ քալերով բաւական յառաջացայ. անցայ նոյն մայթը, ուսկից գնում էր նա: Մոտենում էինք իրար: Նա գալիս էր ճեմելու ձեւով՝ ձեռնափայտը անփոյթ ճօճելով: Մի կարճ տարածութիւն մնացած զարմանալի անդորրութիւն համակեց էութիւնս: Հաւասարուելու վրայ Թալեաթը շեշտակի նայեց ինձ, աչքերի մեջ առկայծեց մահուան սարսուռը: Վերջին քայլը բեկուեց. մի քիչ թեքուեց որ խուսափի, բայց զէնքը դուրս քաշելս ու գլխին պարպելս մէկ եղաւ…» :
Հայ վրիժառուն ձերբակալվում է գերմանական ոստիկանության կողմից: Դատավարության ընթացքում (Բեռլին, 2/3-ը հունիսի, 1921 թ.) վկայություն տվեցին գերմանացի բարձրաստիճան սպա Լիման ֆոն Սանդերսը, հայտնի հասարակական գործիչ, հայասեր Յոհաննես Լեփսիուսը, ցեղասպանությունը վերապրած հայեր: Թեհլիրյանին պաշտպանում էին Գերմանիայի անվանի իրավաբաններ Ադոլֆ ֆոն Գորդոնը՝ իրավական գաղտնի խորհրդական, Յոհաննես Վերթաուերը՝ իրավական խորհրդական, Նիմայերը՝ Քիլի համալսարանի իրավագիտության բաժնի պրոֆեսոր: Նրա դատապաշտպանները Թալեաթի հանցանքը հիմնավորելու համար օգտագործեցին բնօրինակ հեռագրեր, որոնցում Թուրքիայի Ներքին գործերի նախկին նախարարը տալիս էր հայերի բնաջնջման և տեղահանության հրամանները: Բերված փաստերի ու վկայությունների արդյունքում 1921թ. հունիսի 3-ին Բեռլինում գերմանական դատարանը արդարացրել է Սողոմոն Թեհլիրյանին:
Թեհլիրյանի գործում գերմանացի հումանիստ Ա. Վեգների բնութագրմամբ «ոչ թե սպանողն էր մեղավոր, այլ` սպանվողը»:
Ս. Թեհլիրյանի դատավարությունը բավականին մեծ հասարական-քաղաքական արձագանք ունեցավ. այն լայնորեն լուսաբանվեց ինչպես ժամանակի եվրոպական, ամերիկյան ու հայկական մամուլում, այնպես էլ՝ գերմանացի և թուրք լրագրողների կողմից:
Դատավարությանը մասնակցում էր նաև երիտասարդ հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինը, ում կյանքում Թեհլիրյանի դատական գործը ճակատագրական նշանակություն ունեցավ: Տարիներ անց արդեն փորձառու իրավաբանը ստեղծեց «գենոցիդ» եզրույթը և նրա անմիջական ջանքերով նորաստեղծ Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան 1948 թվականին ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան:
Դատավարությունից հետո Ս. Թեհլիրյանը բնակություն է հաստատել Բելգրադում (Սերբիա)՝ իբրև Սողոմոն Մելիքյան, ունեցել սեփական գործը: 1950-1955թթ. ապրել է Կասաբլանկայում (Մարոկկո), 1955-57թթ. ՝ տեղափոխվել է Փարիզ, այնտեղից էլ 1957թ.՝ Սան-Ֆրանցիսկո (ԱՄՆ), որտեղ մահացել է 1960 թ. մայիսի 23-ին: Նրա աճյունը հողին է հանձնվել Ֆրեզնոյում:

Անահիտ Թաթիկյանի հետ ամուսնությունից Սողոմոն Թեհլիրյանն ուներ 2 որդի` Զավեն և Շահեն:
1953 թ. հրապարակվեցին Թեհլիրյանի հուշերը (Սողոմոն Թէհլիրեան, Վերյիշումներ (Թալեաթի ահաբեկումը), գրի առավ՝ Վահան Մինախորեան, Գահիրէ, 1953), որտեղ նա հետաքրքիր մանրամասնություններով ներկայացնում է իր կյանքի կարևոր դրվագները (1914-1921թթ.):

Կազմեց Գոհար Խանումյանը:






Թեհլիրյանների ընտանիքը, ձախից առաջինը՝ 12-ամյա Սողոմոնը, Երզնկա, 1908թ.
Արա Օսկանյանի ընտանեկան արխիվ






Ս. Թեհլիրյանը՝ կամավոր, 1915թ., Երևան
(Սողոմոն Թէհլիրեան, Վերյիշումներ (Թալեաթի ահաբեկումը), գրի առավ՝ Վահան Մինախորեան, Գահիրէ, 1953)






Թեհլիրյան եղբայրներ՝ աջից ձախ՝ Սողոմոն, Սահակ, Միսաք
(Սողոմոն Թէհլիրեան, Վերյիշումներ (Թալեաթի ահաբեկումը), գրի առավ՝ Վահան Մինախորեան, Գահիրէ, 1953)





Հայերի դիակնեերի մնացորդները Երզնկայի հրապարակում
Արմյանսկի վեստնիկ, №9, 1917թ.





Կենտրոնում Սողոմոն Թեհլիրյանի հայրն ու հորեղբայրները՝ ձախից աջ՝ Օսկիան, Խաչատուր, Ասատուր: Աջից առաջինը՝ Սողոմոն Թեհլիրյան, նրա դիմաց՝ Արմենուհին՝ Միսաքի դուստրը
Լուսանկարը Արա Օսկանյանի ընտանեկան արխիվից





Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշա
փոստային բացիկ, ՀՑԹԻ հավաքածու





Սողոմոն Թեհլիրյան,1922 թ., հունիս
Լուսանկարը Արա Օսկանյանի ընտանեկան արխիվից





Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունը, 1921թ.
(Սողոմոն Թէհլիրեան, Վերյիշումներ (Թալեաթի ահաբեկումը), գրի առավ՝ Վահան Մինախորեան, Գահիրէ, 1953)





Սողոմոն Թեհլիրյանը կնոջ և ազգականների հետ Կասաբլանկայում, 1953թ.
Լուսանկարը Արա Օսկանյանի ընտանեկան արխիվից





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am