21.12.2018
Ս.թ. դեկտեմբերի 3-ին Վարշավայի «Pilecki» ինստիտուտը բացեց իրավագետ Ռաֆայել Լեմկինին նվիրված ժամանակավոր ցուցադրություն: «Pilecki» ինստիտուտի խնդրանքով «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը մեծ պատրաստակամությամբ տրամադրել էր ՀՑԹԻ արխիվում պահվող եզակի ցուցանմուշ՝ Սողոմոն Թեհլիրյանի հազվագյուտ լուսանկարը:
1924 թ. Փարիզում Սողոմոն Թեհլիրյանի և կնոջ` Անահիտ Թաթիկյանի արված այս լուսանկարը ՀՑԹԻ ձեռք էր բերել 2009 թ., այն նվիրաբերել էր ամերիկաբնակ Լևոն Սարյանը:
Վարշավայի մեր գործընկերների համար ցուցադրության մեջ Թեհլիրյանի լուսանկարն ընդգրկելու հիմք է հանդիսացել Ռաֆայել Լեմկինի կողմից 1944 թ. առաջին անգամ «ցեղասպանություն» եզրի շրջանառության մեջ դնելու նախապատմությունը:
Դեռևս պատանի հասակում Ռաֆայել Լեմկինի վրա մեծ տպավորություն էին թողել 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները: Հայերի նկատմամբ իրագործված այդ ոճրագործությունների մասին հիշողությունները մնացին նրա գիտակցության մեջ, և նա, երբ արդեն 21 տարեկան էր ու լեզվաբանություն էր ուսումնասիրում Լվովի համալսարանում, պատահաբար տեղական թերթից տեղեկանում է Սողոմոն Թեհլիրյանի կողմից Բեռլինում Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար Թալեաթ փաշայի սպանության մասին: Հայոց ցեղասպանությունն իրագործած թուրք հանցագործների անպատիժ մնալու հանգամանքն անհանգստություն է առաջացնում երիտասարդ Լեմկինի մոտ, նա տեղեկանում է նաև՝ չկա որևէ օրենք, որով թուրք հանցագործներին հնարավոր լինի հանձնել արդարադատությանը:
Սողոմոն Թեհլիրյանի գործը Ռաֆայել Լեմկինի համար հիմք է հանդիսանում հետաքննելու համար այն պարադոքսը, թե ինչպես Ս. Թեհլիրյանը կարող էր մեղադրվել մարդասպանության համար, այն դեպքում, երբ սպանվածը` Թալեաթը ավելի քան մեկ միլիոն մարդու բնաջնջման ծրագիրը հաջողությամբ իրագործելուց հետո, կարողացել էր խուսափել պատասխանատվությունից:
Դեռևս երիտասարդ դոկտորանտ Լեմկինն իր հուշերում գրում է.
«Թուրքիայում ավելի քան 1.2 միլիոն հայ սպանվեց միայն այն պատճառով, որ քրիստոնյա էր: …Հետո մի օր թերթում կարդացի այն մասին, որ բոլոր թուրք պատերազմական հանցագործները պետք է ազատ արձակվեն: Ես ցնցված էի: Ազգը ոչնչացված է, իսկ մեղավորներն ազատության մեջ են: Ինչո՞ւ է մարդը պատիժ կրում, երբ սպանում է որևէ մեկին, մինչդեռ միլիոնավոր մարդկանց սպանությունն ավելի՞ պակաս հանցագործություն է, քան անհատի սպանությունը: … Ես չգիտեի բոլոր պատասխանները, բայց զգում էի, որ աշխարհը պետք է օրենք ընդունի նմանատիպ ռասայական կամ կրոնական սպանության դեմ»:
Միջազգային հեղինակություն ունեցող ցեղասպանագետների, իրավաբանների, լրագրողների մասնակցությամբ բացված ցուցադրությանը ներկա էր նաև «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի փոխտնօրեն Էդիտա Գզոյանը.
«Որպես իրավաբան – ցեղասպանագետ, իհարկե, շատ եմ կարևորում այս ցուցադրության կազմակերպումը: Ցանկանում եմ նշել, որ ՀՑԹԻ արտաքին կապերի առանցքում լինելու է հավասարազոր պայմաններում համագործակցություն ինչպես Սփյուռքի, այնպես էլ միջազգային կառույցների հետ»:
Հիշեցնենք, որ այս տարի լրանում է 1948 թ. դեկտեմբերի 9-ին
«Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի 70 ամյակը: